Հասարակական

Կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի

2 րոպեի ընթերցում

Կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միաձայն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունը` որի համաձայն` կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով կհետաձգվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ դեռևս խորհրդային շրջանից զորակոչի ենթակա էին 18-ը լրացած և մինչև 27 տարեկան արական սեռի քաղաքացիները:

«Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի հետ էին առնչվում: Խորհրդային տարիներին դպրոցը տասը տարի էր և աշակերտները 17 տարեկանում ավարտում էին, հիմա 12-ամյա է և ստացվում է, որ ասպիրանտը իր երրորդ տարվա ուսուցման շրջանում զորակոչվում է բանակ: Մենք առաջարկում ենք նշված կրթական տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել` մինչև 28 տարեկան, և ուսանողը հանգիստ իր ասպիրանտուրան ավարտի և պաշտպանի թեկնածուական թեզը»,-ասաց Դումանյանը՝ հավելելով, որ նախագիծը լայն հանրային քննարկում է անցել:

«Հաջորդիվ կառավարությունը կհատկացնի համապատասխան տեղեր` համապատասխան թվաքանակով և մասնագիտություններով: Պետությունը, ներդրում անելով, կակնկալի նաև համապատասխան ծառայությունների մատուցում»,-ասաց նախարարը:

Վարչապետ Փաշինյանը հավելեց, որ հաջորդ տարվանից յուրաքանչյուր տարի կառավարությունը որոշակի բուհերին, որոշակի մասնագիտություններով կտրամադրի տարկետման հնարավորություն ընձեռող տեղեր` կախված կառավարության առաջնահերթություններից:

«Կառավարությունը իր որոշումներով հնարավորություններ կունենա որոշակի պայմաններ առաջարկել այս տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար»,-ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում