Չարենցի հոբելյանի առթիվ Պիոմբինոյում կներկայացվի նրա առաջին իտալերեն կենսագրականը և նրան նվիրված կտավը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում Չարենցի 125-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում Պիոմբինոյում կներկայացվի բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, իսկ նրա պատվին կտավը կցուցադրվի «Պիոմբինոն արվեստում» փառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Եղիշե Չարենցի ծնունդից 125 տարի անց Իտալիայում լույս է տեսել հայ մեծ բանաստեղծի առաջին իտալերեն կենսագրությունը, որը գրվել է լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդիի, հրատարակվել Lettere պատմական և հեղինակավոր հրատարակչության կողմից։ Նախաբանը իտալացի դերասան և ռեժիսոր Կառլո Վերդոնեինն է, ում հայրը՝ ճանաչված գրականագետ, էսսեիստ և ակադեմիկոս Մարիո Վերդոնեն, տարիներ առաջ առաջինն էր, ով Չարենցի բանաստեղծություններից մի քանիսը թարգմանեց իտալերեն և ներկայացրեց իտալացի ընթերցողին։

«Բացի այդ, իտալացի գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոն մեծ բանաստեղծի պատվին ստեղծել է մի կտավ, որը «Պիոմբինոն արվեստում» փառատոնի միջոցառումների շրջանակներում՝ հուլիսի 19-ից 30-ը կցուցադրվի Պիոմբինոյում՝ Պալացցո Ապիանիում «Արգելված Գույներ» գեղանկարչության և գծանկարչության ցուցահանդեսում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Լետիցիա Լեոնարդիի «Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» գիրքը հնարավորություն է տալիս վերապրելու հայ գրականության այս հանճարեղ ներկայացուցչի կյանքը, ում ստեղծագործությունները հմայում են իտալական հանրությանը։ Խորհրդային կարգերի ողբերգական շրջանում զոհ գնացած ամենանշանակալից դեմքերից մեկի իտալերեն առաջին կենսագրությունը ներկայացնում է մարդուն և բանաստեղծին՝ նամակների, հիշողությունների, վկայությունների և հետաքրքիր դրվագների միջոցով, որոնք ընդգծում են նրա փխրունությունը, բայց նաև խիզախությունն ու անհանգիստ կյանքի գորշ հատվածները։

«Մահվանից ավելի քան 80 տարի անց Եղիշե Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը, ինչպես ինքն է մարգարեաբար գրել, հետզհետե աճող հետաքրքրություն են հարուցում նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և նաև Իտալիայում։ Մահվանից տևական ժամանակ անց նրա կերպարի և ստեղծագործությունների շուրջ քննադատական ուսումնասիրությունների շարունակական աճը վկայում է նրա ստեղծագործական որակի և ժամանակակիցների հարգանքի մասին:

«Ուգո Ֆոսկոլոյի բանաստեղծական արվեստի և Էդգար Ալան Պոյի ողբերգական գոյության հետ ընդհանուր տարրեր ունեցող մի բանաստեղծ», այսպես է կենսագրականի հեղինակը բնութագրում Չարենցին իր գրքի էջերում։ Շատերը Չարենցի նշանակությունը գրական տեսանկյունից համեմատել են պատմական Հայաստանի լեռնային խորհրդանիշ Արարատ լեռան վեհության հետ։ Եղիշե Չարենցը ծնվել, երգել ու հեռուն է գնացել այս աշխարում։

Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Պիոմբինո քաղաքում՝ «Պիոմբինոն արվեստում» վեցերորդ փառատոնի շրջանակներում, հուլիսի 28-ին, ժամը 19.00-ին, Լետիցիա Լեոնարդիի՝ հայ մեծ պոեզիային նվիրված գրական երեկոյի ընթացքում։

Գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոյի՝ Եղիշե Չարենցի գեղեցիկ կտավը 70սմx50սմ չափսերի է։ Այն պատկերում է բանաստեղծի պատանեկան կերպարը, որը մշակվել է տարբեր պատկերագրական հետազոտությունների և բանաստեղծի կյանքի մեկնությունների արդյունքում։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ նկարիչը Չարենցի դեմքին դաջել է․ մի կողմից՝ երիտասարդ և հայրենասեր հայ բանաստեղծի խոր գաղափարական կերպարը, մյուս կողմից՝ հոգու տառապանքը»,- հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։

Լետիցիա Լեոնարդի

Լրագրող և գրող Լետիցիա Լեոնարդին ծնվել է 1965թ. Չիվիտավեկիայում: Ավարտել է Սիենայի համալսարանի տնտեսական և բանկային գիտությունների ֆակուլտետը: Ներկայումս բնակվում է Պիոմբինո քաղաքում:

Որպես լրագրող աշխատել է «Il Messaggero» և «Il Tempo» թերթերի խմբագրություններում։

Տարբեր ամսագրերում և հատորներում տպագրել և տպագրում է հայկական մշակույթի վերաբերյալ աշխատություններ։

Ֆրանսերենից իտալերեն է թարգմանել Անրի Վերնոյի ինքնակենսագրական «Մայրիկ» գիրքը, որի համար 2019թ. ստացել է «Արժանիքների դիպլոմ»։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի պետական համալսարանում դասախոսություն է կարդացել «Մայրիկ» գրքի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության իմացության և ճանաչման գործում թարգմանությունների, գրականության և ֆիլմագրության կարևորության մասին:

«Նռան թթու հատիկը» գրքի համահեղինակ է, որը 2019թ. արժանացել է GueCi «Լավագույն պատմական վկայություն» ազգային գրական հատուկ մրցանակին։ 2019թ. Լետիցիա Լեոնարդին ստացել է MARZANI 2019 միջազգային լրագրողական և գրական մրցանակը՝ անկախ և ազատ տեղեկատվության արժեքների հաստատման գործում ավանդի համար։

2020թ. հրատարակվել է Ինգա Նալբանդյանի «Գիշերը» գրքի նրա իտալերեն թարգմանությունը։

2022թ. Lettere հրատարակչության հետ հրատարակել է «Եղիշե Չարենց. մի բանաստեղծի անհանգիստ կյանքը» իտալերեն առաջին կենսագրականը։

Մաուրիցիո Կարուզո

Գեղանկարիչ Մաուրիցիո Կարուզոն ծնվել է 1957թ. Մոնտալտո Ուֆուգոյում: Վաթսունականների սկզբին տեղափոխվել է Կոզենցա, ուր հաճախել է Արվեստի պետական դպրոց, մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։

1979թ. տեղափոխվել է Իտալիայի հյուսիս, որտեղ արժանացել է գծանկարչության տարբեր մրցույթների մրցանակների: 1991 թվականից ապրում է Բոլոնիայում:

Մաուրիցիո Կարուզոն բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել նաև արտերկրում։ Նրա աշխատանքները առկա են ինչպես իտալական, այնպես էլ արտասահմանյան թանգարաններում, մշակութային հաստատություններում և ազգային նշանակության տարբեր կատալոգներում։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն