ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հետ, որը Հայաստան է ժամանել «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անահիտ Ավանեսյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Զրուցեցինք առողջապահության համակարգի ներկայիս վիճակի, ձեռքբերումների և նոր շրջափուլ մտած համակարգային բարեփոխումների մասին: Փաթափությանը հետաքրքրվեց պատերազմի, համավարակի հաղթահարման և դրա հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներով, կատարեց ոլորտի վերաբերյալ արժեքավոր դիտարկումներ:
Կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` քաղցկեղի հաղթահարման ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հիվանդության դեմ պայքարի մեր ծրագրերին` նշելով, որ այժմ համակարգը բաց է առավել, քան երբևէ, և նա այսօր իրեն առավել մոտ է զգում հայ հողին, մշակույթին ու հայրենիքին»,- գրել է Ավանեսյանը: