Փաշինյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն այցի շրջանակում ծանոթացել է մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող նախագծերի իրականացման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը նախ եղել է Դեղձուտ համայնքում, որտեղ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով կառուցվում է մոդուլային դպրոց: Վարչապետը շրջայց է կատարել շինհրապարակում՝ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության և գիտութան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով: Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։ Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար: Շինաշխատանքները սկսվել են 2020 թվականին, կավարտվեն այս տարի: Ծրագրի արժեքն է 799 միլիոն դրամ:

Վարչապետը զրուցել է դպրոցի ուսուցիչների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին համայնքում ժամանակակից դպրոց հիմնելու ծրագիրն իրականացնելու և աշակերտներին լավագույն պայմաններով ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, բարձրացնել մասնագիտական որակավորումը, ինչի արդյունքում նաև էական կբարձրանա ուսուցիչների աշխատավարձերը:

Նիկոլ Փաշինյանը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու հորդորել մասնակցել կառավարության կողմից ժամանակակից գյուղատնտեսություն հիմնելու բոլոր, այդ թվում՝ կաթիլային ոռոգման ծրագրին: Ներկաներին տեղեկատվություն է ներկայացրել նաև Էկոնոմիկայի փոխնախարարը:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհահատվածում, որտեղ ծանոթացել է իրականացվող վերակառուցման աշխատանքներին: ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում իրականացվում են ջրահեռացման, ասֆալտապատման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 360 մլն դրամ:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ շրջայց է կատարել պետական օժանդակությամբ մասնավոր հատվածի կողմից հիմնված գյուղմթերքի պահպանման սառնարանային տնտեսության տարածքում, ծանոթացել վերջինիս գործունեությանը: Տնտեսությունն ունի մոտ 5000 տոննա տարողություն, որի հիմնմանը կառավարությունն օժանդակել է ագրոպարենային լիզինգային ծրագրի շրջանակում: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 400 մլն դրամ, որից 300 մլն դրամը տրամադրվել է պետության կողմից՝ վերը նշված ծրագրով: Վարչապետ Փաշինյանը ողջունել է տնտեսության հիմնումը և ընդգծել, որ կառավարությունը շարունակելու է տարբեր ծրագրերի միջոցով օժանդակել գյուղացիական տնտեսություններին՝ ժամանակակից տնտեսություններ հիմնելու գործում:

Այս համայնքում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև կրկին մասնավորի կողմից հիմնվող ժամանցի կենտրոնի կառուցման աշխատանքներին: Ծրագրի նպատակով արդեն իսկ ներդրվել է 1,2 մլն դոլար: Այն ունենալու է նաև ժամանակակից լողավազան:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Այգեզարդ համայնքում: Այստեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով վերանորոգված համայնքային այգում ստեղծված պայմաններին, որին հարակից տարածքում կառուցվել են նաև ֆուտբոլի, թենիսի և բասկետբոլի ժամանակակից խաղադաշտեր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 44 մլն դրամ, 65%-ը հատկացրել է համայնքը, 35%-ը՝ կառավարությունը:

Այստեղ վարչապետը ևս զրուցել է տեղի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանը եղել է նաև համայնքում մասնավոր հատվածի կողմից հիմնված հրաձգարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է նաև Այնթափ-Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվում են արհեստական կառուցվածքների, ճանապարհային պաստառի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 699 մլն դրամ:

Վարչապետին է ներկայացվել նաև Եղեգնավան-Այգավան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Դրանք նախատեսվում է ավարտել սույն տարվա նոյեմբերին: Ծրագրի արժեքը կազմում է 259 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Արարատ քաղաքում, որտեղ վարչապետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով վերակառուցված զբոսայգում ստեղծված պայմաններին: Ծրագրի արդյունքում սալիկապատվել է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվել է շատրվանն ու ամֆիթատրոնը, փոխվել են նստարանները, անցկացվում է ոռոգման ցանց և լուսավորության համակարգ: Այգու բարեկարգման արժեքը կազմել է 100 մլն դրամ է, որից 70%-ը հատկացվել է քաղաքային բյուջեից, 30%-ը` պետական:

Հայերեն العربية English Русский

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ

Մարդն անցել է, պետք է վերադարձնենք իրենց. Փաշինյանը՝ մոլորված ադրբեջանցու մասին

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Կփորձենք համոզել ընդդիմադիր գործընկերներին. Փաշինյանը Սահմանադրության փոփոխությունների մասին