Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական մեկնաբանությամբ կատարեց լավագույն ռոք հիթերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է հանդես գալիս էքսպերիմենտներով՝ դասական մեկնաբանությամբ ներկայացնելով փոփ և այլ ժանրի երաժշտություն: Այս անգամ նվագախումբն անդրադարձել էր ռոքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում նվագախումբը փայլուն կատարեց «Ռամշտայնի», «Լեդ Զեփելինի», System of a Down-ի, «Սքորփիոնսի», «Փինք ֆլոյդի», «Քուինի» և այլ հեղինակավոր ռոք խմբերի հանրահայտ հիթեր:

Երեկոյի մենակատարը կիթառահար Վարդան Գաբոյանն էր: Համերգը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Լեփ-լեցուն դահլիճն այնքան բուռն ծափահարություններով ընդունեց նվագախմբի կատարումները, որ համերգի ավարտից հետո Սիմֆոնիկը հնչեցրեց նաև «Քուինի» «Շուոն պետք է շարունակվի» ստեղծագործությունը:

«Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը ստեղծվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում և առաջին անգամ ներկայացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի 22-ամյակի առիթով։

Հայերեն Русский