Հասարակական

Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառքը կանխիկ գումարով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 1-ից բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառքը կանխիկ գումարով այլևս հնարավոր չի լինելու իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանխիկ գումարով գործարքների շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունիսի 2-ի հերթական նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ մեր նպատակադրումը և պլանավորումը այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Իհարկե, մենք ենթաօրենսդրական ակտերով պետք է այս ամենը ապահովենք»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ ներդրվելու է այնպիսի կարգավորում, որ եթե որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքը առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ։ «Այնպես որ, խնդրում եմ ուշադիր լինել։ Խնդրում եմ, որ որևէ մեկը չմտածի, որ մենք ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել։ Ընդհակառակը՝ մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել, նաև սրա հետ մենք լրջագույն հարակից էֆեկտներ կստանանք՝ սկսած ֆիսկալ էֆեկտից, ավարտած հակակոռուպցիոն էֆեկտով։ Այնպես որ, սրա հետ կապված բոլոր ենթաօրենսդրական ակտերը շատ արագ պետք է մշակել, որպեսզի մեր նպատակադրումներին հասնենք»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում