Մշակույթ

Կարմիր բլուրում կհիմնվի աղյուսի արտադրամաս

3 րոպեի ընթերցում

Կարմիր բլուրում կհիմնվի աղյուսի արտադրամաս

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարմիր բլուր հնավայրը շուտով նոր տեսքով կներկայանա այցելուներին: Այնտեղ ներկայում աշխատանքներ են իրականացվում տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշեց, որ նախ շատ կարևոր էր տարածքն աղբից մաքրելը: Մոտ 4.2 հա տարածք արդեն մաքրվել է: Կարմիր բլուրում ներկայում իրականացվում է ենթակառուցվածքների զարգացման ու բարեկարգման ծրագիր: Նախատեսվում է կառուցել նոր ավտոկայանատեղի, պահակակետ, սանհանգույց, նստարաններ, կլինի ամբողջական լուսավորություն, կտեղադրվեն անվտանգության տեսախցիկներ: Պատրաստվում են նաև հատուկ ցուցանակներ՝ եռաչափ վերակազմությամբ նկարներով, հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն տեքստերով:

«Պատկերացրեք, թե այս ամբողջ աշխատանքներն ինչպես կփոխեն իրավիճակը Կարմիր բլուրում: Այն կնպաստի այցելուների հոսքի ավելացմանը: Նախատեսվում է մինչև հուլիսի վերջ ավարտել այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքները»,-ասաց Միքայել Բադալյանը:

Կարմիր բլուրում ևս երկու շատ կարևոր նախագիծ է իրականացվում: Արդյունավետ համագործակցություն կա ավստրիական հնագիտական արշավախմբի հետ: Պեղումների ընթացքում բացվեց մի եզակի կառույց, որը հիշեցնում է միջնադարյան քարավանատների ճարտարապետական հատակագիծը: Այս տարի շարունակվելու են պեղումները:

Կարմիր բլուրի հաջորդ կարևոր ծրագիրը աղյուսի արտադրամասի ստեղծումն է: Միքայել Բադալյանի խոսքով՝ սա չափազանց կարևոր նախագիծ է: Հուլիսի կեսերից արտասահմանցի գործընկերների աջակցությամբ կանցկացվի մաստեր կլաս Էրեբունի թանգարանի մի քանի աշխատողների համար, որպեսզի մասնագիտանան աղյուսի արտադրության մեջ:

«Հայաստանն ունի աղյուսաշեն կառույցների, այդ թվում եկեղեցիների, շատ մեծ ժառանգություն: Այդ աղյուսները բնածին ու մարդածին պատճառներով փլվում են, վնասվում են: Անհրաժեշտ է դրանք վերականգնել, սակայն դրա համար պետք են մասնագետներ: Այս ծրագրով կվերապատրաստվեն մեր մասնագետներ, որից հետո կհիմնվի արտադրամաս: Առաջին նպատակը Կարմիր բլուրի պատերից մեկը, որն աղյուսաշեն է, վերականգնելն է: Կարծում եմ, որ սա լավ նախադեպ կլինի և Կարմիր բլուրում արտադրված աղյուսները կօգտագործվեն նաև այլ հուշարձանների վերականգնման համար»,-ասաց թանգարանի տնօրենը:

Արտադրամասը կառուցվելու է վերգետնյա, որպեսզի որևէ հնագիտական շերտ չվնասվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում