2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մայիս 31-ին մեծ շուքով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովին։Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չեմպիոնին դիմավորելու էին եկել քաղաքային իշխանությունները` փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ, մարզաշխարհի ներկայացուցիչներն ու բռնցքամարտի երկրպագուները։
Չնայած ձեռքի վնասվածքին` գյումրեցի մարզիկին հաջողվեց կրկին հաղթանակ գրանցել: Լրագրողների հետ ճեպազրույցում մարզիկը նշեց, որ հաղթանակը միայն իրենը չէ, այլ բոլորինը՝ մարզիչներից մինչև երկրպագուներ, իսկ այս մրցաշարին իրեն նաև սեփական երկրի պատերն են օգնել:
«4-5 օր էր մնացել մրցումներին, երբ պարզ դարձավ, որ մասնակցելու եմ. վնասվածք ունեի ու մտածում էի, որ պետք է վիրահատվեմ։ Բայց պատահաբար իմացա, որ առաջնությանը կմասնակցի նաև թուրք մարզիկ, որը համարվում էր մրցաշարի ֆավորիտը։ Ու եթե ես չմասնակցեի, հավանականությունը մեծ էր, որ ինքը դառնար հաղթող, ու Թուրքիայի դրոշը կծածանվեր»,-պատմում է չեմպիոնը` նշելով, որ առաջնությունից միայն մեկ օր առաջ է որոշվել, որ այդ թուրք մարզիկը չի մասնակցելու: Բաչկովն ասում է՝ նույնիսկ վերջին մենամարտը դժվարությամբ չի տրվել՝ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ինքը ցանկանում էր: Հիմա Հովհաննես Բաչկովը պետք է վիրահատի ձեռքը, իսկ վերականգնումից հետ պատրաստվի պրոֆեսիոնալ մենամարտի:
Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և տպավորիչ հաղթանակ տարել՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոս: