ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից գրող Գրիգը (Գրիգոր Շաշիկյան), որի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն լայն տարածում է գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, Գերմանիայում արժանացել է Ռյուկերտի անվան մրցանակի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղված Գերմանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցել է Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը: Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է «Հայաստանի մշակութային օրեր» խորագրի ներքո: Ողջույնի խոսքով հանդես է եկել Քոբուրգի 2-րդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը (Hans-Herbert Hartan): Գրիգին է հանձնվել անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակը:
Ժողովածունգերմաներեն թարգմանել են Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը: Միջոցառումն ուղեկցվել է Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կողմից հայկական երաժշտական և պարեղանակների կատարումներով:
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը գրառում է կատարել Քոբուրգ քաղաքի ոսկե գրքում: