ԵՊՀ-ում կայացել է «Մաթևոսյանական ընթերցումներ-4» խորագրով գիտաժողով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Մաթևոսյանական ընթերցումներ-4» խորագրով գիտական նստաշրջան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԵՊՀ-ից։

«Գիտաժողովը նպատակ ուներ վառ պահելու Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, շեշտելու նրա ամենօրյա ներկայությունը այսօրվա գրական կյանքում, ապահովելու հայ մեծ արձակագրի ստեղծագործության գիտական հետազոտության ու նրա գեղարվեստական արժեքի հետագա հանրայնացումը: Գիտական հոդվածները լույս կտեսնեն առանձին ժողովածուով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը նշել է. «Ավանդույթի համաձայն՝ նշանավոր գրողի հոբելյանները Մայր բուհում նշվում են նրա ստեղծագործություններին նվիրված գիտական նստաշրջաններով: Ցավոք, վերջին գիտաժողովը հնարավոր չեղավ կազմակերպել համավարակի պատճառով, սակայն գոհունակությամբ պետք է նշենք, որ հիմա այդ հնարավորությունը մենք ունենք: Այս տարի նաև լրանում է Հրանտ Մաթևոսյանի վաղաժամ մահվան 20 տարին, և այս գիտական նստաշրջանը հարգանքի տուրք է մեծ արվեստագետի հիշատակին»:

«Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները մշտապես եղել են ԵՊՀ-ի ուշադրության կենտրոնում. իր կենդանության օրոք նշանավոր գրողը բազմիցս հյուրընկալվել է Մայր բուհում, հանդիպումներ ունեցել ԳԽ-ի և առանձին ֆակուլտետների հետ: Մեծ գրողի մահվանից հետո նրա լուսավոր հիշատակը հավերժացնելու և վաստակը վերստին իմաստավորելու նպատակով ֆակուլտետի՝ հայ նորագույն գրականության ամբիոնը պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ հիմք է դրել «Մաթևոսյանական ընթերցումներ» անվանումը կրող գիտաժողովների շարքին»,- հավելել է ռեկտորը:

Նիստի նախագահող, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Արծրուն Ավագյանն իր խոսքում նշել է. «Մաթևոսյանի գրականությունը լեցուն է հարուստ գաղափարներով, հարցադրումներով, ազգային մտածողությամբ: Ես կարծում եմ, որ մեր գիտական նստաշրջանը ևս մի կարևոր քայլ կկատարի մաթևոսյանագիտության մեջ»:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը խոսել է գիտական նստաշրջանի կարևորության մասին: Պրոֆեսորն ասել է. «Գիտաժողովի շրջանակում վառ է պահվում Հրանտ Մաթևոսյանի հիշատակը և շեշտում նրա ամենօրյա ներկայությունը մեր գրական կյանքում: Դեռևս շարունակվում են նրա արձակի, հրապարակախոսության, գեղագիտության խնդիրների նոր բացահայտումները: Յյուրաքանչյուր տարի համալսարան նոր ուսանողներ են գալիս, և բոլոր սերունդները պետք է լսեն այդ խոսքը, սնվեն այն գաղափարներով ու գեղագիտությամբ, որ թողել է Հրանտ Մաթևոսյանը:

Թեմաներն ընտրվում են հնարավորինս տարբեր ուղղություններով, որպեսզի գրողը բազմակողմանի ներկայացվի: Մաթևոսյանի ասելիքը թաքնված է իր տեքստերի խորքում, հետևաբար անհրաժեշտ է անընդհատ վեր հանել և բացահայտել այդ խորքային ենթաշերտերը»:

Նշվում է, որ գիտաժողովին ներկա է եղել նաև «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի որդին:

«Մաթևոսյանի գրական ժառանգությունը շատ հարուստ, խորը, անընդհատ ուսումնասիրության և վերարծարծման կարիք ունեցող գրականություն է, որովհետև բարձրացնում է թեմաներ, մտքեր և գաղափարներ, որոնք այսօր պետության, ազգագոյության, ազգի չկործանման համար կարևորագույն եզրույթներ ու մտքեր են»,- ընդգծել է Դավիթ Մաթևոսյանը:

Զեկուցող մասնակիցները տասներեքն են եղել, որոնց թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ, մագիստրանտներ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մատենադարանի գրականագետներ:

Գիտաժողովին ներկա են եղել նաև Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, դասախոսներ և այլ հյուրեր:

ԵՊՀ-ից հայտնում են, որ նախորդ երեք նստաշրջանների ընթացքում ներկայացված հոդվածները տպագրվել են առանձին ժողովածուներով: Հերթական՝ չորրորդ ժողովածուի մեջ կներկայացվեն Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության խնդիրների ուսումնասիրության մեջ Մայր բուհի ներդրած ջանքերը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն