Հասարակական

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը Վիեննայում մասնակցել է Պրահյան գործընթացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը Վիեննայում մասնակցել է Պրահյան գործընթացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մայիսի 12-ին Վիեննայում մասնակցել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված Պրահյան գործընթացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ միգրացիոն ծառայությունից, նշելով, որ քննարկմանը մասնակցել են եվրոպական և եվրասիական տարածաշրջանի 26 երկրների ներկայացուցիչներ: Հանդիպումը հրավիրված է՝ քննարկելու Պրահյան գործընթացների նախարարական հռչակագիրը և գործողությունների ծրագիրը 2023-2027 թթ-ի համար:

Փաստաթղթերի հիմքում վեց ուղղություններն են՝

  • կանխել և պայքարել անկանոն միգրացիայի և միգրանտների շահագործման դեմ,
  • զարգացնել ապաստանի և միջազգային պաշտպանության ոլորտում դերակատարների կարողությունները,
  • խրախուսել հետընդունումը, կամավոր վերադարձն ու կայուն վերաինտեգրումը,
  • թիրախավորել կանոնավոր միգրացիան և շարժունությունը՝ շեշտադրելով աշխատանքային միգրացիան,
  • խրախուսել ընդունող երկրներում օրինական բնակվող միգրանտների ինտեգրումը,
  • միգրացիան և շարժունությունը վերածել զարգացման դրական ռեսուրսի:

«Գործողությունների ծրագրում նշված կետերը, ընդհանուր առմամբ, համընկնում են Հայաստանի կառավարության գործունեության ծրագրի՝ միգրացիային առնչվող սկզբունքներին և ուղղություններին»,- նշել է Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով Ծառայության գործունեության առաջնահերթություններն ու աշխատանքների հիմնական ուղղությունները:

Այս համատեքստում նա կարևորել է միգրացիայի ոլորտում գործընթացների թվայնացումը, համագործակցությունը Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի հետ, ինչպես նաև ներկայացրել է Միգրացիոն քաղաքականության մշակման, վերադարձի և վերաինտեգրման, օրինական միգրացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Քննարկումը շարունակվելու է նաև մայիսի 13-ին, քննարկվող փաստաթղթերը ներկայացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերին՝ Պրահայում կայանալիք նախարարների հանդիպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում