ՀՀ-ում իրականացվում է ակնաբուժության ոլորտի հայ-ֆրանսիական ծրագիր. Գյումրիում կկատարվեն ցանցաթաղանթի վիրահատություններ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ապրիլի 29-ին տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ակնաբուժական համաժողով, որի ժամանակ ներկայացվել է կատարակտի եւ ցանցաթաղանթի հիվանդությունների ոլորտում միջազգային արդի փորձը, հայաստանյան իրավիճակը, ինչպես նաեւ Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի աշխատանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից, դպրոցի ծրագիրը մեկնարկել է այս շաբաթ՝ Գյումրիում, հայ եւ ֆրանսիացի ակնաբույժների դասախոսությունների շարքով: Ֆրանսիայից ժամանած ակնաբույժներ Մերիլին Նոդարեանը եւ Սեբաստիան Բրունոն հայ գործընկերների հետ քննարկել են ակնաբուժական առավել բարդ դեպքեր եւ կատարել վիրահատություններ: Ծրագրի շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի Գյումրու մարզային ակնաբուժական կենտրոնում ցանցաթաղանթի վիրահատությունների սկիզբ է դրվել: Այդպիսով Գյումրին դարձել է Երեւանից հետո երկրորդ քաղաքը, որտեղ նման վիրահատություններ կկատարվեն:

«Դպրոցի շնորհիվ երիտասարդ ակնաբույժները եզակի հնարավորություն կստանան իրենց գիտելիքները եւ հմտությունները զարգացնելու նաեւ Ֆրանսիայում: Մինչեւ այս տարեվերջ նրանք կմասնակցեն Հայաստանի եւ Ֆրանսիայի ակնաբուժական առաջատար կենտրոնների ակնաբույժների դասընթացներին Հայաստանում, իսկ տարեվերջին արդեն լավագույն երիտասարդ ակնաբույժները Ֆրանսիայում 1 տարի տեւողությամբ անվճար վերապատրաստման հնարավորություն կստանան:

Այս ծրագիրն իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիայի եւ Փարիզի համալսարանական-հիվանդանոցային համալիրի՝ AP-HP-ի համագործակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայ-ֆրանսիական համագործակցությունը հնարավորություն է տալու առավել զարգացնել ակնաբուժությունը՝ հատկապես մարզերում, եւ տեղերում ապահովել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Ուրախ եմ նաեւ նշել, որ այն փորձի փոխանակման նոր հնարավորություններ կտա՝ դառնալով կրթական մի նոր հարթակ», - ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համար առողջապահությունը համագործակցության կարեւոր ոլորտներից մեկն է, եւ մենք աջակցում ենք առողջապահական տարբեր նախագծերի իրականացմանը: Ուրախ ենք տեսնել, որ այս ծրագիրը կենտրոնացած է մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում, եւ կօգնի մարզային բնակչությանը», - նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:

«Ես հիացած եմ Հայկական ակնաբուժության նախագծի հետ մեր համագործակցությամբ: Կազմակերպության 30 տարվա հանձնառությունը Հայաստանում եւ կատարված աշխատանքների որակը մեզ համար արդյունավետ գործունեության գրավականն են։ Հայ ակնաբույժների կատարելագործումը Հայաստանում AP-HP-ի մասնագետների հետ ակադեմիական, բայց նաև կլինիկական դեպքերի և լաբորատոր ուսուցման վերաբերյալ փոխանակման շնորհիվ այս շաբաթ շատ օգտակար անցավ, եւ այս առաջին հաջողությունն ինձ շատ խոստումնալից է թվում», - ընդգծել է AP-HP-ի միջազգային կապերի տնօրեն Ֆլորանս Վեբերը:

«Հայկական ակնաբուժության նախագիծն արդեն 30 տարի Հայաստանում իրականացնում է զարգացման տարատեսակ ծրագրեր: Հաշվի առնելով համագործակցող կողմերի նվիրվածությունը եւ ներուժը՝ լիահույս եմ, որ այս դպոցը ակնաբուժության ոլորտի հերթական հաջողված ծրագիրը կդառնա», - ասել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Պատերազմի արհավիրքը առաջացրեց տարբեր կարիքների ակնհայտություն: «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիան իրականացրած բազմաթիվ առաքելությունների ընթացքում ձեւավորեց գործունեության հիմնական՝ բժշկական նպատակները, որոնցից մեկն էր ակնաբուժության կատարելագործման կենտրոնի ստեղծումը Գյումրիում: Մենք հպարտ ենք «Հայկական ակնաբուժության նախագծի» եւ AP-HP-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ միտքը գործ դարձնելու համար»,- նշել է «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիայի նախագահ Լեւոն Խաչատրյանը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը