Ցեղասպանության ճանաչման գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն. ՀՀ ԱԳՆ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և Հայոց ցեղասպանության զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։ Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:

1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության։ Շուրջ 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին, հարյուր հազարավորները զրկվեցին իրենց տնտեսական, կրթական և հոգևոր սեփականությունից։

Ի հեճուկս բոլոր զրկանքների և դժվարությունների՝ հայ ժողովուրդը համազգային համախմբման, տարբեր ժողովուրդների, հասարակությունների և անհատների մարդասիրական աջակցության շնորհիվ վերապրեց և հաղթահարեց ցեղասպանության արհավիրքը, հաջողեց աշխարհի տարբեր երկրներում կազմել համայնքներ, պահպանել և ամրապնդել իր ազգային ինքնությունն ու ամենակարևորը՝ վերակերտել իր անկախ պետականությունը:

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում միջազգային հանրությունը ցուցաբերում է առանցքային նշանակություն ունեցող համերաշխություն, որի դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից համապատասխան հռչակագրերի և բանաձևերի ընդունումը։

Կարևոր է նաև արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ուղղված է մեր տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, այդ թվում` նոր էթնիկ զտումներ իրականացնելու նկրտումների զսպմանը, ինչպես նաև առհասարակ աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն։

Երիտթուրքական կառավարության կողմից հայերի դեմ իրականացված ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։

«Հանցանքների հանցանքը»՝ Ցեղասպանությունը, շարունակում է տեղի ունենալ նաև մեր օրերում՝ խլելով հարյուր հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Հայաստանի Հանրապետությունը հաստատակամորեն պայքարում է արդարության և զոհերի իրավունքների վերականգնման համար՝ իր ծանրակշիռ ներդրումը և առաջնորդությունն ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը ճշմարտության ճանաչման, արդարության վերականգնման և նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցանքների կանխարգելման գործին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը

Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտնել է, որ վարչապետի թեկնածուի անունը կարող է հայտարարվել շաբաթվա վերջին․ Moldpres

Լիբանանին Հայաստանի աջակցությունը բարձր է գնահատվում Կառավարության և ժողովրդի կողմից. գեներալ Բասսամ Նաբուլսին դիմավորել է հումանիտար բեռը

Էկոնոմիկայի փոխնախարարի և տնօրինության միջև քննարկումից հետո «Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքը

Ռուսաստանում ամեն ինչ անում են երկիրը պաշտպանելու համար, այդ թվում՝ Patriot-ից. Պեսկով

«Ուժեղ Հայաստան»-ը դեռևս չի քննարկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի հարցը

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի 105 թեկնածուների ինքնաբացարկն իրենց «գաղտնի պլանի» մի մասն է համարում

Իրանը նոր հարվածներ է հասցրել տարածաշրջանի երկրներին