Արթուր Դավթյանի հրավերով Հայաստան է այցելել Վրաստանի գլխավոր դատախազը. ստորագրվել է համագործակցության հուշագիր

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է ժամանել Վրաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Վրաստանի գլխավոր դատախազի այցը ՀՀ տեղի է ունենում դեռևս 2018թ. մայիսի 30-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից արված հրավերի շրջանակում:

ՀՀ գլխավոր դատախազությունում ապրիլի 19-ին կայացել է երկու երկրների գլխավոր դատախազների հանդիպումը: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու և օբյեկտիվ պատճառներով հետաձգվող այցը հնարավոր դարձնելու համար:

Նա հույս է հայտնել, որ բազմադարյա պատմամշակութային կապերի, Վրաստանում մեծաթիվ հայ համայնքի դերակատարությամբ պայմանավորված՝ երկու հարևան երկրների միջև զարգացող ջերմ, բարեկամական հարաբերություններին համահունչ՝ գլխավոր դատախազների հանդիպումները ևս կդառնան առավել հաճախակի:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև վստահության բարձր մակարդակը թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծելու երկուստեք բարձրացվող՝ իրավական փոխօգնության, հանձնման գործընթացների հետ կապված հարցերը: Նա օրինակելի է համարել էլեկտրոնային արդարադատության ներդրման և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման հարցում համատեղ շահագրգիռ աշխատանքը:

Արթուր Դավթյանը նշել է, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունն իրականացվում է ոչ միայն երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, այլ նաև՝ երկու երկրների դատախազությունների բարեկամական կապերի ու բարի կամքի հիման վրա: Նա բարձր է գնահատել Վրաստանի տարածքով Հայաստան ապրանքների տեղափոխման, զբոսաշրջության ոլորտներում վրաց ժողովրդի ու պետության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը: Շեշտվել է հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ հումանիտար խնդիրների լուծման հարցում վրացական կողմի ունեցած ներդրումը:

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ իր այցը նոր մակարդակի կտեղափոխի դատախազական կառույցների հարաբերությունները: Նա նշել է, որ հայ և վրաց ժողովուրդների եղբայրությունը դարերի պատմություն ունի, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը և քաղաքացիների փոխադարձ այցելությունները դինամիկ աճում են, և Վրաստանը Հայաստանին տարածաշրջանում մոտենում է որպես կարևոր հենարանի:

Նա համոզմունք է հայտնել, որ իրավական ոլորտում երկու երկրների դատախազությունների համագործակցության խորացումը առավել կխթանի ինչպես այդ կապերի ամրապնդմանը, այնպես էլ անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարին: Իրակլի Շոթաձեն Արթուր Դավթյանին սիրով հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Թբիլիսիում կայանալիք դատախազների միջազգային համաժողովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միմյանց երկրներում և հատկապես սահմանային անցակետերում երկու պետությունների քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման, սահմանային շրջանների դատախազությունների միջև շփումների մեխանիզմների ստեղծման, հայ-վրացական սահմանին վերահսկողության ուժեղացման, ապօրինի սահմանահատումների դեմ համատեղ պայքարը կատարելագործելու հետ կապված հարցեր:

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը և Իրակլի Շոթաձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Վերջինս իրավական հիմքեր է ստեղծում համագործակցելու քրեական արդարության արդյունավետ իրականացմանն առնչվող տեղեկատվության և փորձի փոխանակման, դատախազությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման և այլ ուղղություններով:

Գլխավոր դատախազները հուշագրի ստորագրումը կարևորել են կողմերի միջև դեռևս 2005թ. կնքված իրավական օգնության և համագործակցության մասին հուշագրից հետո գործակցությունը թարմացնելու, երկկողմ ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու, դատախազների միջև նաև միջանձնային կապերը խթանելու առումով:

Պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում մշակել և ընդունել հուշագրից բխող կոնկրետ միջոցառումների ծրագիր, ինչպես նաև ավելի հաճախակի դարձնել գլխավոր դատախազների մակարդակով հանդիպումները:

Հայերեն Русский

ՀՀ ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին հայտնել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ստորագրելու ՀՀ պատրաստակամության մասին

Իրանն ու ԱՄՆ-ն կառուցողական են գնահատել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը. BBC

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Շիրակի մարզից 2025-ին ներկայացվել է 31 սուբվենցիոն ծրագիր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը

Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվում է նոր հայեցակարգով

ՀՀ վարչապետը ծանոթացել է Մեղրիի սահմանային նոր անցակետի վերակառուցման աշխատանքներին

«Ինտեր»-ը հաղթեց «Կալյարի»-ին. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում