Պետությունը կսուբսիդավորի բնակարանների էներգոարդյունավետ վերանորոգման վարկերի տոկոսադրույքները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը կիրականացնի բնակարանների և բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանների և բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի միջոցների տոկոսադրույքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության ապրիլի 15-ի հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

«Պետք է նշել, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր, որից 450 հազար բնակարան և 420 հազար բնակելի տուն։ Բնակֆոնդի հիմնական մասը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին և սեփականաշնորհման գործընթացից ի վեր դրանց զգալի մասում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։

Բնակֆոնդի նշված հատվածում իրականացրած չեն նաև էներգոարդյունավետության միջոցառումներ, ինչի արդյունքում տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել իրենց բնակարանները և այդ տնտեսությունների կեսից ավելին կարող է համարվել էներգետիկ աղքատ»,- ասաց Արմեն Ղուլարյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ այս խնդրին զուգահեռ 2020-2022 թվականների ընթացքում պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, 44-օրյա պատերազմով, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից բխող սահմանափակումներով արձանագրվում է քաղաքաշինության բնագավառի աշխատուժի սահմանափակ արտահոսք կամ որոշակի ներհոսք։

«Այս հանգամանքի հետևանքով շինարարական շուկան ներկայումս գտնվում է վերադասավորման փուլում և անհրաժեշտություն է առաջանում ոլորտի մասնագետների համար ստեղծել աշխատանքի կանխատեսելի դաշտ»,- հավելեց Ղուլարյանը։

Հաշվի առնելով նշված հանգամանքները և հիմք ընդունելով հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարականը՝ մշակվել է սույն նախագիծը։ Նախագծով առաջարկվում է իրականացնել բնակարանների և անհատական բնակելի տների էներգոարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիր։

«Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը նախատեսվում է ցուցաբերել բնակարանի կամ բնակելի տան էներգոարդյունավետ վերանորոգման վարկերի տարեկան տոկոսադրույքների ամբողջական կամ մասնակի սուբսիդավորման միջոցով։ Ծրագրով դիտարկվում են գոյություն ունեցող բազմաբնակարան շենքի բնակարանը կամ բնակելի տունը, բացառությամբ չորրորդ կարգի վնասվածություն ունեցող բնակարանների և բնակելի տների։ Էներգոարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներոգոարդյունավետության բարձրացման միջոցառումներին են ուղղվում բնակարանների համար առնվազն 20 տոկոսը և բնակելի տների դեպքում 30 տոկոսը, մասնավորապես, էներգիայի այլընտրանքային աղբյուրների էներգոարդյունավետ շինանյութերի, էներգոխնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերում, տեղադրում և փոխարինում, իսկ անհատական բնակելի տան դեպքում նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացում»,- նշեց Ղուլարյանը։

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում վարկի տարեկան տոկոսադրույքի ֆինանսավորման համար հիմք ընդունել հետևյալ հիմնական ցուցանիշները․վարկի սահմանաչափը կազմում է՝ բազմաբնակարան շենքի բնակարանների համար ոչ ավել քան 7 միլիոն դրամ, անհատական բնակելի տների համար ոչ ավել քան 10 միլիոն դրամ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշեց, որ վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով ոչ ավել քան 14 տոկոս տոկոսադրույքով, առավելագույնը 7 տարի կամ 84 ամիս ժամկետով։

«Պետության կողմից ծրագրի շահառուների համար վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է հետևյալ հաշվարկով․ առաջինը՝ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով։ Երկրորդ՝ սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում շահառուներին վարկը կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով։ Երրորդ՝ սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայերում շահառուներին վարկը կտրամադրվի 3 տոկոս տոկոսադրույքով։ Չորրորդ՝ Երևան քաղաքում այն կկազմի 5 տոկոս։ Մեկ բնակարանի կամ բնակելի տան համար ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի ֆինանսավորում»,- ասաց Ղուլարյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշեց, որ ծրագրի հաստատումից հետո մինչև 2022 թվականի մայիսի 20-ը կմշակվի ծրագրի իրականացման կարգ, որով կսահմանվեն ծրագրի պայմանները, այդ թվում՝ էներգոարդյունավետության միջոցառումների մասով ընթացակարգերը, ծրագրի շահառուներին ներկայացվող պահանջները, ծրագրի մշակման և հաշվետվողականության վերաբերող պահանջները։

«Ծրագիրը կմեկնարկի դրա իրականացման կարգը կառավարության կողմից հաստատելուց և ուժի մեջ մտնելուց հետո, և աջակցության տրամադրումը կտարածվի այդ կարգը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա։ Ծրագրի մշտադիտարկումն իրականացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հիմք ընդունելով ծրագրի իրականացման ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները»,- եզրափակեց Ղուլարյանը։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում