Հասարակական

Շրջակա միջավայրի նախարարությունը և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել

4 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունը և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարությունը և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը համագործակցության հուշագիր են կնքել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, կարևորելով նախարարության և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպության միջև առկա արդյունավետ համագործակցությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների ողջամիտ օգտագործման, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու օգտագործման կարևորությունը, ապրիլի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Անդրե Գումուշճեանի, համագործակցության հուշագիր են կնքել։

«Շրջակա միջավայրի նախարարությունում հյուրերին ողջունելով, նախարար Հակոբ Սիմիդյանը ևս մեկ անգամ կարևորել է պետական գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունն ի նպաստ Հայաստանում անտառապատ տարածքների ավելացման ՀՀ կառավարության հանձնառության։

«Համոզված եմ, որ մեր երկու կառույցների միջև համագործակցությունը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանը, վերականգնմանն ու բնական պաշարների ողջամիտ օգտագործմանն ուղղված համապատասխան միջոցառումների և ծրագրերի իրականացմանը։ Վստահ եմ՝ այս համագործակցությունը լավ նախադեպ և օրինակ կհանդիսանա մյուս կազմակերպությունների համար ևս։ Պետք է հնարավորինս համատեղել ջանքերը՝ Հայաստանում անտառածածկ տարածքների ավեացման գործում»,-նշել է նախարարը։

Նախքան հուշագրի կնքումը քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և Հայաստանում անտառների ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարարը կարևորել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ներդրումների ներգրավման մեխանիզմները և կանաչ ներդրումներն իրենց կարևորությամբ մյուս ոլորտներում ներդրումներին հավասարեցնելուն ուղղված քայլերը։

«Մենք որպես ոլորտի քաղաքականություն մշակող և ոլորտը կառավարող մարմին և դուք՝ որպես ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություն ունենք նույն առաջնահերթություններն և կիսում ենք ապագայի նույն տեսլականը։ Ուստի, պետք է խնդրեմ Ձեզ պայքարել կանաչ օրակարգի առաջմղման համար»,-նշել է նախարարը։

Նշվում է, որ, ըստ հուշագրի, նախարարությունը և «Մայ Ֆորեսթ ԷՅԷՄ» հասարակական կազմակերպությունը նախապես փոխհամաձայնեցված պայմաններով համագործակցելու են հետևյալ ուղղություններով.

-անտառվերականգման և անտառապատման աշխատանքների կազմակերպում, նախապես համաձայնեցված և օրենքով սահմանված թույլատրելի տարածքներում,

-անտառային էկոհամակարգերում կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված համատեղ աշխատանքների կազմակերպում,

-բնապահպանական ծրագրերի իրականացում,

-վերապատրաստումների, համաժողովների, կլոր սեղան քննարկումների կազմակերպում։

Հուշագրի շրջանակներում կողմերն իրականացնելու են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական բնույթի ծրագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում