Կարգավորվել է Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների ուղեւորափոխադրման խնդիրը
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնտեսված միջոցների հաշվին կիրականացվի նույն դպրոցի շուրջ 125 աշակերտների ուղեւորափոխադրումը թիվ 2 միջնակարգ դպրոց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ են թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որի պատճառով նշված դպրոցի 610 աշակերտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում` երկրորդ հերթափոխով: Նրանցից շուրջ 125 աշակերտ դպրոց է հաճախում 3 կիլոմետրից ավել հեռավորությունից, որը լուրջ դժվարություն է առաջացնում նրանց համար` ժամանակին դպրոց եւ դպրոցից տուն հասնելու հարցում: Ելնելով ստեղծված իրավիճակից եւ հիմք ընդունելով Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի ներկայացրած դիմում-խնդրանքը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին եւ ստացել համաձայնություն` դպրոցի տնտեսված միջոցների հաշվին տրանսպորտային կազմակերպության հետ պայմանագիր կնքելու եւ աշակերտների տեղափոխումն իրականացնելու համար:
Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի եւ Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության մասնագետների հաշվարկներով՝ մինչեւ ուսումնական տարվա ավարտը` 46 օր երթեւեկելու դեպքում, աշակերտների տեղափոխումն իրականացնելու համար կպահանջվի 920 հազար դրամ:
Խոսրով Խլղաթյան