Հասարակական

Հանրային քննարկման ներկայացվեց Վարդենիկի եւ Ծովինարի կեղտաջրերի հեռացման ու համատեղ մաքրման համակարգի ստեղծման առաջարկը

4 րոպեի ընթերցում

Հանրային քննարկման ներկայացվեց Վարդենիկի եւ Ծովինարի կեղտաջրերի հեռացման ու համատեղ մաքրման համակարգի ստեղծման առաջարկը

ԳԱՎԱՌ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում կայացած հանդիպման մասնակիցներին հանրային իրազեկման եւ քննարկման կարգով ներկայացվեց «Սեւանա լճի ավազանի Վարդենիկ եւ Ծովինար բնակավայրերի կեղտաջրերի հեռացման եւ համատեղ մաքրման համակարգի ստեղծում» ծրագրային առաջարկը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկմանը մասնակցեցին ծրագիրը նախաձեռնած «ՋԻՆՋ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը, բնապահպան Արեւիկ Հովսեփյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, Վարդենիկ եւ Ծովինար գյուղերի բնակիչներ։ Ծրագրային առաջարկի մանրամասների մասին հանդիպման մասնակիցներին իրազեկեց «ՋԻՆՋ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը։

«Ծրագրի նպատակն է՝ ապահովել Սեւանա լիճը սնող Վարդենիս գետի մաքրությունը՝ Վարդենիկ եւ Ծովինար բնակավայրերի ջրահեռացման համակարգերի ընդլայնմամբ եւ վերակառուցմամբ, նշված համայնքների կենցաղային կեղտաջրերի համատեղ մաքրման

համար կոյուղու մաքրման կայանի կառուցմամբ եւ շահագործմամբ: Առաջարկվող մաքրման կայանում կեղտաջրի լիարժեք մաքրումը, մասնավորապես` ազոտի խորը հեռացումը, հնարավորություն կտա՝ լճի ջրում վերականգնել ազոտ-ֆոսֆոր հարաբերակցությունը, ինչն իր հերթին կնպաստի էկոհամակարգի առողջացմանն ու վերականգնմանը։ Ծրագրի իրականացման արժեքը կազմում է շուրջ 9 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի 80 տոկոսը լինելու է դրամաշնորհի, 20 տոկոսը՝ ներդրումների տեսքով։ Որպես ներդրող կարող են հանդես գալ ՀՀ կառավարությունը, համայնքապետարանը կամ առանձին բարերարներ։ Ծրագրի տեւողությունը երկուսուկես տարի է։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Վարդենիկում եւ Ծովինարում կառուցել շուրջ 25 կլիոմետր երկարության կոյուղագիծ, Վարդենիս գետի վրա՝ կենսաբանական մաքրման կայան, ջրամատակարարման համակարգերի բարելավում, մաքրման կայանի, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի շահագործման ծառայության ստեղծում, շահագործող օպերատորի ընտրություն։ Այս ծրագիրը նաեւ ունենալու է օրինակելի եւ ցուցադրական բնույթ, քանի որ Սեւան թափվող գետերի մեջ Վարդենիս գետն առաջինն է, որն ունենալու է կենսաբանական զտման կայան, որը լիովին մաքրում է Սեւանա լիճը կոյուղու կեղտաջրերից, ուստի համոզված ենք, որ նույն օրինակով մաքրման կենսաբանական կայաններ կկառուցվեն նաեւ Սեւան թափվող մյուս գետերի վրա, կստեղծվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգեր Սեւանի ափամերձ մյուս բնակավայրերում, որոնց արդյունքում էլ Սեւանա լիճը հիմնովին կձերբազատվի կենցաղային կեղտաջրերով աղտոտվելու տեւական սպառնալիքներից»,-ներկայացրեց Էդուարդ Մեսրոպյանը։

«Այս ծրագրի իրականացմամբ ոչ միայն Վարդենիկի եւ Ծովինարի բնակիչների համար կենցաղային ամենաանհրաժեշտ խնդիրները կլուծվեն, այլ նաեւ կկարգավորվի Սեւանա լճի մաքրության ապահովման հարցը։ Մենք նման ծրագրի իրականացման սպասել ենք տասնամյակներով, ուստի անելու ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այն դառնա իրականություն»,-նշեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

Հանդիպման մասնակիցները հիմնականում հավանություն տվեցին ծրագրային առաջարկին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում