Մենք կարող ենք հարաբերությունների քաղաքական մակարդակում տեսնել նոր դինամիկա. վարչապետը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահին 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ ժամանակահատվածում են գտնվում, և մենք կարող ենք քաղաքական մակարդակում տեսնել նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ: Ակնհայտ է, որ մեր երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև կա ավելի սերտ համագործակցելու երկուստեք ցանկություն, որը համոզված եմ՝ բխում է մեր ժողովուրդների ավելի սերտ համագործակցելու և գործակցելու ցանկությունից: Եվ հույս ունեմ, որ մենք բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններով ու ակտիվությամբ այդ ցանկությունը կկարողանանք ինստիտուցիոնալ ձևով արտահայտել մեր երկու երկրների հարաբերություններում: Կրկին ողջունում եմ և շատ ուրախ եմ այս հանդիպման համար»:

Ըստ աղբյուրի՝ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Ես ուզում եմ արտահայտել իմ խորին հարգանքը Ձեր և հայ ժողովրդի նկատմամբ, ովքեր այսպիսի ոգով հետևում են Ձեզ: Ինչպես Դուք նշեցիք, այսօր հայ-վրացական հարաբերությունները շատ սերտ են: Այն առանձնահատուկ երևում է վարչապետների մակարդակով: Եվ այս այցով ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ ինչպես վարչապետների, այնպես էլ խորհրդարանների նախագահների միջև այդպիսի սերտ հարաբերություններ կան: Մենք քննարկել և զրուցել ենք այն մասին, որ այս հանդիպումները, այս հարաբերությունները լինեն ոչ միայն պաշտոնական, այլև բարեկամական խմբերի, հանձնաժողովների և աշխատակազմերի մակարդակով: Եվ մենք զրուցել ենք նաև այն մասին, որ այսօրվա դրությամբ, երբ տարածաշրջանն այսպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, կարողանանք ամեն ինչ անել տարածաշրջանում երկարատև խաղաղություն ստեղծելու համար»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Շալվա Պապուաշվիլին հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը, որը լավ առիթ է երկու երկրների բարեկամությունն ու համատեղ բազմադարյա պատմությունը ևս մեկ անգամ վերարժևորելու համար:

Նշվում է, որ հանդիպմանը զրուցակիցները անդրադարձել են են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, Հարավային Կովկասում, ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Հայերեն العربية English Français Русский

ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW

Երևան-Ուրումչի. վերակենդանացնելով Մետաքսի ճանապարհի կապերը նոր ժամանակներում

ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Իլիկավանքն ու նրան շրջապատող բերդշենը

Հակոբ Ղազանչյանի թատրոնի բացում և առաջնախաղ

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Հայաստանում ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի. Լյազիզա Սաբիրովայի հարցազրույցը