ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակին։
Ըստ աղբյուրի՝ գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։