Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Մեր երկու երկրների միջև ձևավորված երկկողմ միջպետական հարաբերություններն ու ամենաջերմ փոխհարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչը բարձր ենք գնահատում և արժևորում:

Համոզված եմ, որ տասնամյակների ընթացքում ձեռք բերված հարուստ փորձն ու հագեցած բազմոլորտ օրակարգը լայն հնարավորություններ են ընձեռում հայ-հունական համագործակցության ողջ ներուժի բացահայտման և համապարփակ օգտագործման համար՝ բարձրացնելով դրանք որակական նոր մակարդակի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու մեր երկու պետությունների միջև գործակցության հեռանկարները:

Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` առաջընթաց և բարօրություն», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում