Հասարակական

Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Մայր Աթոռ

2 րոպեի ընթերցում

Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը. Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄԱյր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, արձանագրվել է, որ ծրագրի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել տիար Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել ևս տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները:

Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է ԳՀԽ մարտի 9-ի ընդլայնված նիստում հարցի վերաբերյալ որդեգրված դիրքորոշումը՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ.

«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում