ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան աննախադեպ առատ տեղումներ են, ինչն ուղեկցվում է ձնաբքով, ավտոճանապարհներին ցածր տեսանելիությամբ։ Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին ապահովել անվտանգ երթևեկություն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Այս պահին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Որոտանի լեռնանցքը (Սարավան- Զանգեր), Գորայք-Սիսիան, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները։
Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները, Թորոս-Աշոցք-Բավրա ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհները սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ինտենսիվ երթևեկության պայմաններում ստեղծվում են խցանումներ և վթարավտանգ իրավիճակներ։ Որոշ դեպքերում ճանապարհը մաքրող տեխնիկան չի կարողանում ժամանակին տեղ հասնել և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից՝ Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է վարորդներին ճանապարհ դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում և տեղեկացնում, որ
ավտոճանապարհներին տիրող իրավիճակի մասին օպերատիվ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարով։