Հասարակական

ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը, ագրեսիա դրսևորելը չէ. Արման Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը, ագրեսիա դրսևորելը չէ. Արման Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը, ագրեսիա դրսևորելը չէ, սակայն պետությունն ամեն ինչ անում է, որ Զինված ուժերը լինեն մարտունակ, հնարավոր հակահարված տալու ընդունակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:

Մանուկյանը հետաքրքրվեց Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի մշակումից: «Կառավարության հաշվետվությունում գրված է, որ այս հայեցակարգը ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Մեր ԶՈՒ-ն երբևէ ագրեսիայի նպատակ ունեցող ԶՈՒ է եղե՞լ, որ հիմա էլ հայեցակարգով ուզում են ոչ ագրեսոր զինված ուժեր ձևավորել, թե՞ ուղղակի անատամ զինված ուժեր»,-հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը, անդրադառնալով պատգամավորի վերջին դիտարկմանը՝ պատասխանեց, որ բնականաբար, նպատակն անատամ բանակ ունենալը չէ, այլ ուղղակի ֆիքսելն է, որ ՀՀ ԶՈՒ-ն ագրեսիայի նպատակ չունի:

«Նախորդիվ, եթե նույնիսկ ամրագրված չի եղել, բնականաբար այն ժամանակ էլ ՀՀ ԶՈՒ նպատակը չի եղել ագրեսիվ գործողություններ կամ այլ բնույթի այդպիսի մարտավարություն ունենալը: Սակայն մենք պետք է ամրագրենք, որ ՀՀ զինված ուժերի նպատակը պատերազմ հրահրելը չէ, ագրեսիա դրսևորելը չէ իր հարևանների նկատմամբ: Եվ սա ամրագրում է ստանալու: Իսկ անատամ լինելու մասին խոսք լինել չի կարող, բնականաբար, ամեն ինչ անում է պետությունը, որ մեր ԶՈՒ-ն լինի մարտունակ, հնարավոր հակահարված տալու ընդունակ՝ ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցներով»,-ասաց Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում