ԳՅՈՒՄՐԻ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրի» բժշկական կենտրոնում սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով կատարվել է առաջին միջամտությունն ու փրկվել է բուժառուի կյանքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանից հետո Շիրակի մարզն առաջինն է, որտեղ ներդրվել է ծրագիրը:
«Հիվանդանոցը պատրաստ է ընդունել հիվանդներին և պետական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել՝ ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական մեթոդներով։ Սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրն Հանրապետությունում իրականացվում է 2019 թվականից՝ մայրաքաղաքի 3 բժշկական կենտրոններում: Մինչ այս Շիրակի մարզից հիվանդներին տեղափոխում էին Երեւան, ինչը կաթվածի պարագայում ռիսկային էր: Այս ծրագրով հնարավոր կլինի փրկել կյանքեր: Պետական ծրագիրը մարզերից առաջինը իրականացվում է Շիրակում»,- նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ տեղեկացնելով, որ կենտրոնում արդեն ընդունել են առաջին բուժառուին:
Բուժման երկու մեթոդ է գործում՝ դեղորայքային (թրոմբոլիտիկ թերապիա) և վիրահատական։
«Գյումրի բժշկական կենտրոնում» այժմ կաշխատեն «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, կցուցաբերվի մասնագիտական օգնություն, զուգահեռ «Գյումրի» բժշկական կենտրոնի մասնագետները վերապատրաստվում են: