Պաշտոնական

Երախտապարտ ենք Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները ուշադրության ներքո պահելու համար. վարչապետը՝ Հռոմի Պապին

2 րոպեի ընթերցում

Երախտապարտ ենք Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները ուշադրության ներքո պահելու համար. վարչապետը՝ Հռոմի Պապին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Ձերդ Սրբություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ։

Խորապես շնորհակալ ենք աշխարհում խաղաղությանը և արդարությանը միտված՝ Ձերդ Սրբության աղոթքների, ուղերձների և մեր միջպետական կապերի շարունակական ամրապնդման հարցում աջակցության համար։ Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որոնք խարսխված են դարերի խորքից եկող քրիստոնեական արժեհամակարգի, ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության վրա:

Մեծապես երախտապարտ ենք, որ Ձերդ Սրբության ուշադրության ներքո եք պահում նաև Արցախյան պատերազմի հումանիտար հետևանքները, որոնք պահանջում են շուտափույթ լուծում՝ տարածաշրջանային խաղաղ համագոյակցության ամուր հիմքեր ստեղծելու համար:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն և հաջողություն` Տիեզերական եկեղեցու նվիրական առաքելությունը երկար տարիներ առաջնորդելու համար։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում