3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2021 թ.-ին գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում թողարկման 17.8% իրական աճ, որն ավելի քան 3 անգամով գերազանցել է տարվա ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ կառավարության 2021 թ.-ի հաշվետվության մեջ։
ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը, որում մասնավորապես ներկայացված է Կառավարության 2021թ.-ի գործունեությունն ըստ առաձին ոլորտների։
«2021 թ.-ին Կառավարությունը շարունակել է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը, ոլորտում ներգրավվածության բարձրացմանը, նորարարական գաղափարների առևտրայնացմանը, տեխնոլոգիական առաջընթացին և տեխնոլոգիական լուծումների լայն կիրառությանը տնտեսության ու հանրային ոլորտներում», - նշված է հաշվետվությունում։
Ըստ Կառավարության հաշվետվության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման շրջանակներում 2021թ.-ի ընթացքում նորաստեղծ և կայացած տեխնոլոգիական ընկերություններին դրամաշնորհների տեսքով տրամադրվել է շուրջ 1 մլրդ դրամի պետական աջակցություն: Բացի այդ, «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի 3 բաղադրիչների շրջանակներում արտադրանքի զարգացման տարբեր փուլերում գտնվող 40 ստարտափների տրամադրվել է շուրջ 429 մլն դրամի դրամաշնորհ:
2021 թվականի ընթացքում իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, կազմվել են թվայնացման գործընթացների և պահանջների նվազագույն պահանջների ստեղծման առաջարկություններ: Պետական փոխգործելիության հարթակում ներգրավվել են 24 պետական էլեկտրոնային շտեմարաններ, մշակվել է մետատվյալների ռեգիստրը: 2021թ.-ի ընթացքում իրագործվել է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որը հաջողությամբ ավարտել է 1690 քաղաքացի։
Կիբեռանվտանգության ազգային գործակալության ստեղծման համատեքստում տեխնիկական առաջադրանքի ստեղծման խորհրդատվական ծառայությունների գնման հայտը կազմվել է, որի հիման վրա հայտարարված մրցույթով ընտրված ընկերության հետ կնքվել է պայմանագիր։ Նախատեսվում է մշակել Կիբեռանվտանգության և տվյալագիտության ազգային կենտրոնի ստեղծման տեխնիկական առաջադրանքը:
2021 թվականին միջազգային ոլորտային ցուցահանդեսների մասնակցության շնորհիվ ստորագրվել է 6 պայմանագիր՝ շուրջ 231 մլն դրամ ընդհանուր արժողությամբ (որից 97,5 %-ը՝ վաճառքի պայմանագրեր և 2,5 %-ը՝ շահավետ պայմաններով ձեռքբերման պայմանագրեր):