Հայ գրողն ուրիշ ի՞նչ վարձատրություն կարող է ակնկալել…

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10ՄԱՐՏԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երբ գրում եմ, որեւէ մեկին ինչ-որ բան սովորեցնելու մտադրություն կամ հավակնություն չունեմ: Երբ ասելիք եմ ունենում, այն ասում եմ՝ օգտագործելով մտքերս արտահայտող բառերից ամենապարզն ու ամենաճիշտը: Իմ կարծիքով՝ արվեստի գործը չպիտի լինի հոգնեցնող:

Գրում եմ, որովհետեւ փառասեր եմ եւ ուզում եմ, որ մարդիկ մահիցս առաջ եւ դրանից հետո էլ խոսեն իմ մասին եւ հիշեն ինձ: Ձեզանից ոմանք պիտի որ չհավատան այս խոստովանությանս, բայց ճշմարտություն է ասածս: Հայ գրողն ուրիշ ի՞նչ վարձատրություն կարող է ակնկալել: Գրում եմ երջանիկ լինելու համար էլ: Հավատացեք, եթե չգրեմ տասը-տասնհինգ օր, ապերջանիկ կզգամ ինձ, կկորցնեմ քունս ու հանգիստս:

Ահա ասացի ասելիքս եւ խոստովանություն արեցի…»:

Արամ ՀԱՅԿԱԶ

Շապին Գարահիսար՝ ծանոթ ու հարազատ տեղանուն, որտեղ աչքերն է բացել թուրքաց սարսափ մեծն Անդրանիկը: Այստեղ է ծնվել նաեւ մեզ այնքան քիչ ծանոթ Արամ Չեքենյան ինքնատիպ արձակագիրը, ով թուրքական յաթաղանին զոհ դարձած իր ավագ եղբոր՝ Հայկազի անունն էր նախընտրելու իբրեւ գրողական անուն:

Տասնհինգ տարեկան պատանի էր, երբ բարբարոսներն սկսել էին իրենց նախճիրը: Հայակուլ ոհմակներն արդեն լեռնալանջին փռված քաղաքի մոտ էին: Բնաջնջման վտանգն զգացած շապինգարահիսարցիները՝ շուրջ 5000 հոգի, այրում են իրենց տներն ու դաշտերը, վերցնելով ուտելիք եւ կենդանիներ, բարձրանում են լեռը, որի գագաթին բերդամրոցի մնացորդներ կային: Պայքարը շարունակվում է մեկ ամիս, սնունդն սպառվում է: Մարտնչողների շարքերն արագորեն նոսրանում են նաեւ սկսված սովի պատճառով: Արամի հայրը, եղբայրները եւ շատ այլ հարազատներ սպանվում են: Ինքը եւ մայրը տեղահանվում, աքսորի են ուղարկվում սիրիական մահվան անապատներ: Արամ Հայկազը հրաշքով է փրկվում՝ առերես իսլամ ընդունելով եւ ապրելով որպես մուսուլման: Հետագայում «Չորս տարի Քյուրդիստանի լեռներուն մեջ» իր հուշագրությամբ պատմելու էր հենց այդ տարիների մասին, երբ ինքը հովիվ էր ու ծառա քուրդ ցեղակիցների եւ տոհմապետերի մոտ:

1919 թ. ապագա գրողին հաջողվում է փախչել Կոստանդնուպոլիս, գտնել հորաքրոջը, որոշ ժամանակ մնալ ամերիկյան միսիոներական որբանոցում, հաճախել Կեդրոնական վարժարան՝ աշակերտելով Հակոբ Օշականին: Երկու տարի անց մեկնում է Միացյալ Նահանգներ, փորագրանկարողի օգնական աշխատում նյույորքյան հայտնի մի շաբաթաթերթում, իսկ գիշերները սովորում անգլերեն լեզուն եւ յուրացնելով այն՝ ծանոթանում ամերիկյան ու համաշխարհային գրականության դասականներին: Աշխատանքին զուգահեռ սկսում է գրել ու տպագրվել հայկական պարբերականներում:

Արամ Հայկազին վերապահված էր ապրել 85 տարի եւ հրատարակել 10 անուն գիրք, որոնցով ճանաչվելու էր իբրեւ «կարոտի գրականության» երեւելի ներկայացուցիչ: Լինելով իր ապրած ժամանակների ամենահայտնի հայ գրողներից մեկը՝ մեծարվել է եւ արժանացել տարբեր մրցանակների: Նրա առաջին՝ «Արծվաբույնի անկումը» գիրքը, որը պատմում է Գարահիսարի հերոսամարտի մասին, գրվել է անգլերենով: Մնացյալ բոլոր ստեղծագործությունները կյանք են առել հայերենով եւ հրատարակվել Բեյրութում՝ երկհատորյա «Ցեղին ձայնը», «Շապին Գարահիսար», «Չորս աշխարհ», «Պանդոկ», «Կարոտ», «Ապրեք, երեխեք», «Երջանկություն»: Իսկ մայր հայրենիքում հրատարակվել են նրա նամակների ընտրանին, «Մոռացված էջեր» եռահատորյակը եւ «Պատմվածքներ» ժողովածուն:

«Կարող եմ ասել, թե օգտագործելով գրականությունը՝ քարոզչություն երբեք չեմ արել: Մարդկանց բան սովորեցնելու մտահոգություն եւ հավակնություն չեմ ունեցել, բայց հայ լինելուս հպարտությունը միշտ առկա է իմ ամեն մի տողում…»,- գրել է եղեռնից մազապուրծ մտավորականը, որի գիրը մարդու մասին է, հայ մարդու ու նրա ճակատագրի:

Ամփոփենք ուշագրավ մի դրվագով. ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ինչու չի գրում անգլերեն, Արամ Հայկազն այսպես է պատասխանել. «Երիտասարդ եւ օժտված մի հայ գրող իր մտահղացած վեպի մասին պարզաբանում է նշանավոր բանաստեղծ Վերհարնին եւ նրանից խորհուրդ հարցնում, թե ի՞նչ լեզվով գրի այն՝ իտալերե՞ն, գերմաներե՞ն, ֆրանսերե՞ն, թե՞ հայերեն:

-Ի՞նչ լեզվով եք աղոթում,- իր հերթին հարցնում է Վերհարնը:

-Հայերենով, անշուշտ,- պատասխանում է հայ գրողը:

-Ուրեմն պետք է գրեք հայերեն,- լինում է իմաստուն պատասխանը…»:

Հայ «կարոտի գրականության» ներկայացուցիչն ընդամենը մեկ անգամ է եղել հայրենիքում, իսկ նրա հավերժական կացարանը հեռավոր Նյու Յորքում է…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն