Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունների իրականացումն Արցախում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունների իրականացումն Արցախում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես խորհրդի անդամ երկրի հանձնառությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։

«Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունն ու հումանիտար առաքելությունների իրականացումը։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում