Քաղաքականություն

Ֆրանսիան, առավել քան երբևէ, Հայաստանի կողքին է. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիան, առավել քան երբևէ, Հայաստանի կողքին է. Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո մոտ ապագայում Փարիզում անց է կացվելու հայ-ֆրանսիական համաժողով, որը նոր հեռանկարներ կբացի հայ երիտասարդության առջև և կնպաստի հայ-ֆրանսիական երկկողմ կապերի ամրապնդմանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այդ մասին Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում տեղեկացրեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը` շնորհավորելով երկու երկրներին կարևոր տարեդարձի կապակցությամբ։

«Արդեն երեսուն տարի է` Ֆրանսիան, առավել քան երբևէ, Հայաստանի կողքին է`օգնելով նրան վերականգնվել և նայել դեպի ապագա։ Սա ուրախության մի պահ է։ Կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը։ Եվ ի գործ դեպի գալիք 30 տարիներ», - ասաց ֆրանսիացի դիվանագետը։

Լըմուանը նաև տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրել է տնտեսական համագործակցության մի հավակնոտ ճանապարհային քարտեզ, և շուտով Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո Փարիզում անց կկացվի ֆրանսիական և հայ քաղաքացիական հասարակությունների համագործակցության` «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» խորագիրը կրող ֆորումը։

«Այն կմիավորի երկկողմ հարաբերությունների հիմնական դերակատարներին և համոզված եմ` թույլ կտա ի հայտ բերել նոր գաղափարներ և նոր նախագծեր։ Ֆորումի նպատակն է հեռանկար բացել հայ երիտասարդության առջև և ավելի ամրապնդել մեր երկու երկրների միջև կապերը», - հավելեց Ժան-Բատիստ Լըմուանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում