Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը Լիտվայի ոստիկանապետի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների ոստիկանությունների միջև կնքված հուշագիրը

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը Լիտվայի ոստիկանապետի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների ոստիկանությունների միջև կնքված հուշագիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 22-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության ոստիկանապետ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ դրանք նաև ամուր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափով սերտ համագործակցելու համար: Որպես փոխգործակցության զգալի ներուժ ունեցող ուղղություն՝ Համբարձում Մաթևոսյանն առանձնացրել է Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքները և այդ համատեքստում կարևորել լիտվացի գործընկերների փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։

«Փոխվարչապետը կարևորել է նաև փետրվարի 22-ին ստորագրված «Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, որը հնարավորություն կընձեռնի ԵՄ միջազգային համագործակցության գործիքների օգտագործմամբ աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին և հատկապես՝ նոր Պարեկային ծառայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լիտվայի ոստիկանապետ Ռենատաս Պոժելան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, կարևորել հուշագրի կնքմամբ իրավապահ երկու կառույցների միջև առկա հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելը և Հայաստանի հետ իրենց լավագույն փորձով կիսվելու պատրաստակամություն է հայտնել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում