Պաշտոնական

Վարչապետը հանձնարարել է շրջանառության մեջ դնել և լրամշակել Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հանձնարարել է շրջանառության մեջ դնել և լրամշակել Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, պատասխանատուներն, անդրադառնալով նախագծին, նշել են, որ նրանում ներկայացված են կրթության մինչև 2026 և 2030 թվականների զարգացման տեսլականն ու նպատակները: Մասնավորապես, նախագիծն անդրադառնում է ծառայություններին, որոնք մատուցվում են նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Փաստաթղթում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց այս ոլորտում ձգտելու է կառավարությունը վերը նշված ժամանակահատվածում:

«Նախագծի համատեքստում անդրադարձ է կատարվել կրթության բովանդակությանը, չափորոշիչներին, նախադպրոցական, հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերին ու միջոցառումներին, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման, բուհերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման ու ակադեմիական քաղաքի հիմնմանն ուղղված աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ ու առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցերի լուծման վերաբերյալ պատկերացումները պետք է ֆիքսել ռազմավարության մեջ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ՝ զուգահեռ այն լրամշակել՝ հաշվի առնելով ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում