Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նա ընդգծել է, որ Կառավարությունը պատրաստակամ է աջակցելու դեսպանին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժի առկայությունն ու քննարկել երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում ներկայացրել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի առավելություններն ու գերմանական բիզնեսի համար բացվող հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում Գերմանիայի դեսպանն ընդգծել է, որ առկա է փոխգործակցության լավ հիմք, որի վրա հնարավոր է զարգացնել գործընկերությունը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և դեսպան Վիկտոր Ռիխտերը կարևորել են Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) գործունեությունը:

Քննարկվել են նաև առողջապահության, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտներում Հայաստանի կառավարության նախագծած բարեփոխումները, որոնց շրջանակներում փոխվարչապետը կարևորել է գերմանական գործընկերների հետ հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ փորձագիտական ներուժի մասնակցությունը գործընթացներին:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում