Մարզային

Սեւանում կայացել է համայնքային մշակութային ռազմավարության մշակման ծրագրի շահակիցների առաջին հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Սեւանում կայացել է համայնքային մշակութային ռազմավարության մշակման ծրագրի շահակիցների առաջին հանդիպումը

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Բիզնես կենտրոնում» կայացել է «Երազանքի այգի. մշակութային ՌեստԱրտ» համայնքային մշակութային ռազմավարության մշակման ծրագրի շահակիցների հետ առաջին հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագրի շրջանակում։ «Այս ռազմավարությունը դառնալու է համագործակցության միջոցով մշակված մի փաստաթուղթ, որը ցույց կտա՝ ուր է ձգտում մեր համայնքը, եւ կարտացոլի բոլորիս ընդհանուր պատկերացումներն ու երազանքները Սեւանի ապագայի վերաբերյալ։

Իսկ բնակիչները կդառնան այդ տեսլականի կրողն ու գործարկողը։ Ծրագիրն իրականացվում է «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն», «Սեւան» երիտասարդական ակումբ», «Նոր արվեստի փուլ» ՀԿ-ների եւ Սեւանի համայնքապետարանի կողմից, որոնցից յուրաքանչյուրն այս գործում իր առաքելությունն ունի։

«Սևան» երիտասարդական ակումբը ծրագրի շրջանակում տեղացի երիտասարդների օգնությամբ բացահայտելու է Սեւանի նյութական եւ ոչ նյութական մշակութային ռեսուրսները, ներկայացնելու է համայնքում բնակվող եւ գործունեություն ծավալող արվեստագետներին։ Համայնքի մշակութային ռեսուրսների քարտեզագրում երբեւէ չի արվել։ Մենք նախատեսում ենք զարգացնել երիտասարդների հմտությունները՝ գտնելու եւ հանրայնացնելու մեր քաղաքի մշակութային ռեսուրսները»,- ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

Ծրագրի ներկայացումից հետո ներկաները քննարկել են ծրագրի տարբեր բաղադրիչներին առնչվող հարցեր, առանձնացրել Սեւանի մշակութային զարգացման հիմնական ուղղությունները, առանձնահատկություններն ու հնարավորությունները։

Ծրագիրն իրականացվում է EU4Culture՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող չորսամյա ծրագրի շրջանակում՝ Գյոթե Ինստիտուտի (ղեկավար), Չեխական Կենտրոնների, Դանիական Մշակութային Ինստիտուտի եւ Վրաստանում Ֆրանսիական Ինստիտուտի կողմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում