Մեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին: Հունանյանն ընդգծեց նաև, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։

- Որո՞նք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ:

-Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։

-Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։

-Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից:

-Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։

Շանթ Խլղաթյան

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ