Լեհական բիզնեսը ցանկանում է մտնել հայկական շուկա, նոր հնարավորություններ բացել հայկական ընկերությունների համար
5 րոպեի ընթերցում

Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած լեհական պատվիրակության ներկայացուցիչները դրական ակնկալիքներ ունեն Հայաստանի գործարար շրջանակների հետ բիզնես կապերն ակտիվացնելու և հայկական շուկայում բիզնես գործունեություն ծավալելու առումով։
Լեհական «Պեկաո» բանկի կառավարման խորհրդի փոխնախագահ Լուկաս Յանուշևսկին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայ և լեհ գործարարների միջև կա շատ լավ էներգիա՝ փորձելու բացահայտել այն ոլորտները, որտեղ կարող են միասին բիզնես գործունեություն ծավալել։

Նա միևնույն ժամանակ շեշտել է՝ շատ կարևոր է, որ երկու երկրների կառավարությունները ևս աջակցեն այս գործընթացին։
«Մեր բանկի համար ևս կարևոր է աջակցել մեր հաճախորդներին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գործունեությունը Լեհաստանից դուրս, ահա թե ինչու ենք մենք այստեղ։ Մենք փորձում ենք ուղիներ գտնել հայկական բանկերի հետ, թե ինչպես կարող ենք աջակցել մեր հաճախորդներին՝ Հայաստանում բիզնես գործունեություն սկսելու առումով»,- ասաց Յանուշևսկին։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Երևանում անցկացվող Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովից, Յանուշևսկին շեշտեց՝ակնկալում է արդյունավետ կապերի հաստատում ինչպես երկու երկրների գործարարների, այնպես էլ բանկերի միջև։
Հանքարդյունաբերական KGHM ընկերության միջազգային նախագծերի զարգացման վարչության տնօրենի տեղակալ Կլաուդիա Բաշնյակ-Կոզլովսկան «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գործարար համաժողովը նոր հնարավորություններ է բացում իրենց համար։

«Ես երախտապարտ եմ, որ մենք հրավիրված ենք այս միջոցառմանը։ Մենք զգում ենք, որ սա առաջին, բայց շատ կարևոր քայլն է՝ հիմք դնելու ապագա համագործակցությանը մեր ընկերության և հայկական կողմի միջև։ Այսպիսի հանդիպումները ցույց են տալիս երկրների միջև կամուրջները, և մենք իսկապես տեսնում ենք, որ հայերը ցանկանում են աշխատել մեզ հետ։ Մենք որոշեցինք շանս տալ այս համագործակցությանը»,- ասաց նա։
Նրա գնահատմամբ՝ երևանյան համաժողովը հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն սկսելու ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել ։
«Այստեղ գտնվելը դռներ է բացում քննարկումների համար։ Մենք դեռ չգիտենք, թե որքան հարուստ է Հայաստանի գեոլոգիական ներուժը, բայց մենք մեծ ակնկալիքներ ունենք։ Ահա թե ինչու ենք մենք եկել, և ես կարծում եմ, որ ցանկացած մեծ համագործակցություն հենց այսպես է սկսվում։ Այսպիսով՝ սա առաջին քայլն է։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ է՝ միմյանց ճանաչելու, քննարկումներ սկսելու համար, որոնք կառաջնորդեն մեզ դեպի ապագա պոտենցիալ համագործակցություն»,- նշեց Կլաուդիա Բաշնյակ-Կոզլովսկան ։
Լեհաստանի Հանրապետության գործատուների միության միջազգային համագործակցության տնօրեն Մացիեյ Լեգուտկոն էլ նշեց, որ իսկապես գնահատում են այն հանգամանքը, որ հայկական կողմը պատրաստել է շատ հետաքրքիր ծրագիր լեհական պատվիրակության այցի համար, հատկապես B2B հանդիպումները։

«Որպես բիզնես ասոցիացիա`մեր դերն էր հավաքել ընկերություններին և խրախուսել նրանց այցելել Հայաստան։ Այստեղ մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր ոլորտից յուրաքանչյուր ընկերություն կարող է B2B սեսիաների ժամանակ հանդիպել i8 գործընկերների հետ։ Մեզ համար կարևոր է նաև քաղաքականության և բիզնեսի սիներգիան, որովհետև այսօր մեր բիզնես պատվիրակությունը Հայաստան է ժամանել Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկիի աջակցությամբ։ Այսպիսով՝ մենք հավատում ենք, որ բիզնես առաքելությունը՝ ուժեղ քաղաքական աջակցությամբ, կհանգեցնի արդյունավետ կապերի։ Ես ակնկալում եմ, որ B2B հանդիպումները ապագայում կհանգեցնեն արդյունավետ կապերի, ինչի արդյունքում, հույս ունեմ, լեհական ընկերությունները հայկական շուկա կմտնեն։ Բայց ոչ միայն դա, հույս ունեմ, որ դրա արդյունքում նաև հայկական ընկերությունների համար հնարավորություններ կբացվեն լեհական շուկա մտնելու համար, որը Եվրամիության շուկայի շատ կարևոր մասն է»,- եզրափակեց Լեգուտկոն։
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում սեպտեմբերի 9-ին մեկնարկել է Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովը։ Համաժողովի մասնակիցներին ողջունել էին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղար Մարչին Բոսացկին, որից հետո տեղի էին ունեցել B2B հանդիպումներ հայկական և լեհական բիզնես պատվիրակությունների միջև։
