Պետությունն անվճար կապահովի նաև մասնավոր դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում ոչ միայն պետական, այլ նաև ոչ պետական դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտների դասագրքերն ապահովել անվճար՝ այսինքն պետբյուջեի հաշվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց հեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Պետական դպրոցներում տարրական դասարանի աշակերտներին դասագրքերը փաստացի անվճար, այսինքն պետբյուջեի հաշվին տրամադրվում է 1-4-րդ դասարանների աշակերտներին: «Այս առումով որոշակի խնդիրներ էին առաջանում ոչ պետական դպրոցների հատվածում: Կային որոշակի խոչընդոտներ, այդ դասագրքերի վաճառքն արգելվում էր: Բայց ստացվում էր այնպես, որ մենք փաստացի ունենք ոչ պետական դպրոցներ՝ 4 տասնյակից ավել, մի կողմից էլ օրենքն արգելում էր դասագրքերի վաճառքը, մյուս կողմից էլ մենք մեր օրենքներով պարտադրում էինք, որ այդ դպրոցները, անկախ իրենց իրավական կարգավիճակից, պետք է հենց այդ դասագրքերով, հենց այդ ծրագրերով անցկացնեն երեխաների կրթությունը: Եվ այստեղ էր հակասությունը, այդ դպրոցներն ամենատարբեր միջոցներով փորձում էին հայթայթել այդ դասագրքերը»,-ասաց Գաբրիելյանը:

Պատգամավորը շեշտեց, սակայն, որ այդ դասագրքերը տրամադրվում էին ոչ թե դպրոցներին, այլ երեխային, և հետևաբար որևէ տարբերություն չպետք է դրվի, թե այդ երեխան որ դպրոց է հաճախում: Այսպիսով նախագծով առաջարկվում է սահմանել. «Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով»:

Ոչ պետական դպրոցներում 1-4-րդ դասարանների աշակերտների թիվը 4018 է:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ խոսքը երեխաների կրթության իրավունքի մասին է, և դա պետք է կախված չլինի նրանից, թե երեխան որ դպրոցում է սովորում: «Եվ այո, ունենք իրավիճակ, որ 4000-ից մի փոքր ավել երեխաներ տարրական դասարաններում սովորում են ոչ պետական դպրոցներում: Եվ կարևոր է, որ պետական հոգածությունը և նրանց իրավունքի իրացումը տեղի ունենա նաև այդ պարագայում:

Այդ փոփոխության արդյունքում գնահատականների համաձայն շուրջ 53 մլն դրամ պետք է հատկացվի: Հաջորդ տարվա բյուջետային հայտում արդեն համապատասխան շտկումները կարվեն, իսկ այս տարվա ընթացքում իրականացման հնարավորությունը նախարարությունը պատրաստ է քննարկել:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում