ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ստեղծագործող լավագույն թատերական, երաժշտական և այլ կոլեկտիվները նոր դիմագծով հանդես կգան 2022-ին Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Մենք ցանկանում ենք հանդես գալ բոլորովին նոր դիմագծով, նոր ձևաչափով, ուզում ենք այդ միջոցառումներում ընդգրկել մեր լավագույն մշակութային արդյունքները, թատերախմբերին, համերգային կազմակերպություններին: Ցանկանում ենք, որ այն հարթակները, որտեղ հանդես ենք գալու, լինեն իսկապես առաջատար և պակաս կարևոր չէ, որ մեր ներկայացրած արդյունքը Ռուսաստանում լինի ոչ միայն հայ համայնքի համար, այլև ռուս հանդիսատեսի, որովհետև մենք միջազգային հարթակներում ճանաչելիություն խնդիր ունենք»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ միջոցառումների նախնական ցանկն արդեն կա, սակայն մանրամասներին հետագայում կանդրադառնան:
Արա Խզմալյանը կարևորեց նաև Հայաստանի մասնակցությունը Վենետիկի միջազգային բիենալեին՝ նշելով, որ արդեն քննարկում են մասնակցության երեք հայտ:
«2022-ին բազմաթիվ երկրների հետ նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի շրջանակներում ևս միջոցառումներ են նախատեսվում, որոնց մասին դեռ կխոսենք»,-նշեց Խզմալյանը:
Նա ընդգծեց՝ միջազգային համագործակցություն են նախատեսում նաև կինոյի և այլ բնագավառներում: