Ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը. վարչապետն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից, նշելով, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել է.

«Հարգելի պարոնայք, ողջունում եմ ձեզ: Թույլ տվեք, նախ, պարոն Սարգսյան, շնորհավորել Ձեզ Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով և շնորհակալություն հայտնել Երևանի ավագանուն, մասնավորապես՝ «Իմ քայլը» խմբակցությանը, ի դեմս՝ խմբակցության ղեկավար պարոն Գալջյանի, խմբակցության քարտուղար պարոն Հովհաննիսյանի, սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար:

Ուզում եմ արձանագրենք՝ այն իրավիճակը, որ ունեցանք Երևանի քաղաքապետարանում, ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր: Եվ այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվեց: Ի՞նչ նկատի ունեմ: Ի վերջո, Երևանում 2018 թվականի աշնանից սկսած իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, և քաղաքական պատասխանատվությունն էլ «Իմ քայլը» դաշինքինն ու քաղաքական մեծամասնությանն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ ծրագիրն էլ իր հերթին բխում էր 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից: Այս առումով՝ կարևոր է, որ ծրագիրը լիարժեք, ամբողջական և ինստիտուցիոնալ առումով կայանա: Եվ պիտի նաև արձանագրեմ, պարոն Սարգսյան, որ Դուք մինչև այս փուլն այդ ծրագրի իրականացման լիարժեք մասնակից եք եղել՝ զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը: Երևանի ավագանու մեր գործընկերներն էլ իրենց գործառույթներն են իրականացրել այդ առումով:

Նաև կարևորում եմ տեղի ունեցած գործընթացը պետական ինստիտուտների կայացման առումով: Որովհետև գիտեք, որ հիմա արդեն 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում ավագանու ընտրություններ: Այսինքն՝ համայնքի ղեկավարի ընտրություններն անուղղակի են: Եվ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է: Եվ այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց:

Պիտի արձանագրենք, որ այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև: Սա շատ կարևոր է: Իհարկե, շատ կարևորում եմ, որ քաղաքապետը համագործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետև այստեղ էլ համախմբող դերակատարումը շատ կարևոր է: Այս պահին ուզում եմ ասել, որ մինչև օրս ամենայն աջակցություն ենք ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին, և, իհարկե, այսուհետ ևս այդ աջակցությունը պիտի շարունակվի: Ծրագրի իրականացման ուղղությունները, տեմպերը, միջոցները, ժամկետները, իհարկե, պետք է նաև լրացուցիչ քննարկենք և լուծումներ ստանանք: Այս առումով՝ մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում: Պիտի իմանաք, որ ունեք կառավարության և իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշնկությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երևա երևանցիների կյանքում»:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և շնորհավորանքների համար:

«Գիտակցում եմ, որ սա բավականին մեծ պատասխանատվություն է: Ընդհանուր առմամբ պատկերացնում եմ, թե ինչ ինստիտուտներ ունենք, որոնք պետք է ամբողջությամբ վերափոխենք և որոնք են, որ դեռևս կաշխատեն որպես ինստիտուտներ, որպեսզի դիմադրեն տարբեր ցնցումների, իրականացնեն իրենց ֆունկցիոնալությունը: Կարծում եմ՝ կառավարության աջակցությամբ հնարավորություն կունենանք ամենամեծ բնակչություն ունեցող համայնքում՝ Երևանում, իրականացնել այն ծրագրերը, որոնք տարիների ընթացքում չեն իրականացվել, կարելի է ասել, անհասկանալի պատճառներով: Կարծում եմ՝ պոտենցիալը կա, պետք է պարզապես արդյունավետ կառավարում իրականացնել այդ պոտենցիալն օգտագործելու համար»,-ասել է քաղաքապետը:

Հանդիպմանը քննարկվել են կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցությանը, մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին և նախագծերին առնչվող հարցեր:

Հայերեն Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել