Պաշտոնական

ՀՀ-ն և Վրաստանը փորձելու են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես են եկել նախ Վրաստանի, ապա Հայաստանի կառավարությունների ղեկավարները:

Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին, մասնավորապես, նշել է.

«Պարո՛ն վարչապետ,

Պատվիրակության հարգելի՛ անդամներ,

Թանկագի՛ն ընկերներ,

Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ Վրաստանում, ողջունում եմ իմ բարեկամ վարչապետ Փաշինյանին Թբիլիսիում: Պարոն վարչապետ, սա այս տարվա ընթացքում Ձեր երկրորդ այցն է Վրաստան, գոհունակությամբ ուզում եմ նշել, որ ես ևս երկու անգամ եղել եմ Հայաստանում: Ուրախությամբ եմ նշում, որ մեր միջև առկա են սերտ համագործակցության, բարեկամության վրա խարսխված հարաբերություններ և այդ վերաբերմունքի համար շնորհակալություն եմ հայտնում:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Ձեզ նաև նրա համար, որ մեր նախաձեռնությամբ ու պայմանավորվածությամբ այսօր անցկացվող միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը տեղի է ունենում վարչապետների մակարդակով: Այս հանձնաժողովը վերսկսեց գործունեությունը Ձեր անձնական նախաձեռնությամբ, տարիներ շարունակ նիստեր չէին ընթանում:

Մենք շահագրգռված ենք, որ մեր միջև առկա շատ սերտ, բարեկամական հարաբերությունները նպաստեն իրական գործին` զարգացնելու առևտրատնտեսական կապերը, խոսելու տարածաշրջանային, ենթակառուցվածքների և այլ նախագծերի մասին, որոնք հետաքրքիր կլինեն մեր երկրներին:

Ցանկանում եմ նշել, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում է բարձր մակարդակի վրա, հպարտությամբ և հաճույքով ուզում եմ ասել, որ նման հարաբերություններ մեր երկրների միջև չեն եղել: Միշտ ունեցել ենք սերտ, բարեկամական հարաբերություններ, բայց մեր վաստակն է այն, որ մեր կառավարությունների, երկրների միջև ոչ մի չհասկացված հարց չկա, ունենք իդեալական հարաբերություններ:

Ցանկանում եմ նշել նաև, որ հետաքրքրված ենք տարածաշրջանային խաղաղությամբ ու կայունությամբ: Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում ստանձնելու կարևորագույն դերակատարություն և այդ նպատակով ես խաղաղ հարևանության նախաձեռնությունն եմ հնչեցրել: Պարոն վարչապետ, հաստատում եմ, որ մենք մշտապես պատրաստ ենք տարածաշրջանի մասշտաբով խաղաղության և կայունության զարգացման գործում մեր ներդրումը բերելու:

Հարգելի գործընկերներ,

Մեկ անգամ ևս ողջունում եմ բոլորիդ Թբիլիսիում»։

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ, թանկագին Իրակլի

Նիստի հարգարժա՛ն մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սրտանց ողջունում եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի բոլոր մասնակիցներին։

Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին` ավանդական ջերմ ընդունելության համար:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ չնայած դժվարություններին, այսօր մեր երկրների հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում։

2019 թվականին Վրաստանի հետ մենք հավակնոտ նշաձող սահմանեցինք՝ խնդիր դնելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը միջնաժամկետում հասցնել տարեկան 1 միլիարդ դոլարի: Կորոնավիրուսի համավարակն արգելակեց այս գործընթացը, բայց հիմա, երբ սովորում ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ,առաջարկում եմ վերահաստատել այս մտադրությունը, վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք և փորձելու ենք մինչև 2026 թվականը մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի:

Սա չափազանց կարևոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր: Ճիշտ է, այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առևտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, բայց մենք դեռ շատ հեռու ենք 1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ:

Մենք խորապես համոզված ենք, որ մեր տնտեսական համագործակցությունն ունի այսպիսի ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը վերոնշյալի իրականացման լավագույն հարթակներից է և վերը նշված նշաձողին հասնելուն ուղղված կարևորագույն քայլերից է այն, որ հիմա արդեն հանձնաժողովը համանախագահում են երկու երկրների ղեկավարները, ինչը նույնպես աննախադեպ է:

Միջկառավարական հանձնաժողովի այս նիստի անցկացումը նախանշված էր դեռևս նախորդ տարի և տեղի չունեցավ համավարակով պայմանավորված, այդուհանդերձ երկկողմ շփումները թե՛ ամենաբարձր և թե՛ ոլորտային պատասխանատուների մակարդակով շարունակել են ընթանալ նախանշված դինամիկ ուղիով:

Այսօր մեր երկկողմ օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ, իսկ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները նպաստում են մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանմանը, ինչի կարևորության մասին վարչապետ Ղարիբաշվիլին արդեն խոսեց: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական համագործակցությանը, ապա այս ոլորտում ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ բնագավառներ:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման կարևորագույն նախադրյալներից է փոխվստահությունը, որը խարսխված է մեր ժողովուրդների պատմական եղբայրության վրա։

Մի փոքր շեղվելով պաշտոնական արարողակարգից, պիտի ընդգծեմ մեր հարաբերությունների մարդկային և էմոցիոնալ հարթությունը: Ընդ որում, սա վերաբերվում է ոչ միայն վարչապետ Ղարիբաշվիլիին և իմ հարաբերություններին, այլև մեր կառավարությունների բազմաթիվ անդամների հարաբերություններին: Հենց նոր հնչեցված այն թեզը, որ մեր ժողովուրդները դարերից եկող եղբայրական կապեր ունեն, այսօր, հենց հիմա արտահայտվում է մեր կառավարությունների ոչ միայն պաշտոնական, այլև մարդկային հարաբերությունների մակարդակում:

Կա մարդկային, անձնական լուրջ փոխվստահություն և հարգանք ու մենք պիտի արժևորենք ու ամրացնենք այդ վստահությունը և հարգանքը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ղեկավարների հանդիպումները պարբերական են,և մենք հնարավորություն ենք ունենում անդրադառնալու երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։ Երկկողմ ֆորմատով Վրաստանի վարչապետի հետ մենք այս տարի հանդիպել ենք արդեն չորս անգամ: Նման դինամիկա մեր երկրների հարաբերությունների մեջ նախկինում երբեք չի եղել և մեր մեծագույն խնդիրն է այս ամենի արդյունքում տնտեսական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորել: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք մեր քաղաքական հարաբերությունների ավանդական բարձր մակարդակն առավել ինստիտուցիոնալ դարձնելու կարիք և անհրաժեշտություն ունենք:

Հարգելի՛ ներկաներ,

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել նիստի բոլոր մասնակիցներին:

Շնորհակալություն»:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել երկու կառավարությունների ոլորտային գերատեսչությունների առաջիկա քայլերն ու ծրագրերը:

Նիստի արդյունքներով երկու երկրների վարչապետները ստորագրել են Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արձանագրությունը:

Հայերեն English Français Русский

Վրաստանի նախագահը Հարավային Կովկասը խաղաղության օազիս դարձնելու հնարավորություն է տեսնում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում կայացած համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը

Երեմյան կաթնամթերքը հունիսի 1-ին կնշի Կաթի համաշխարհային օրը

Փրկարարները մարել են Բերքանուշ գյուղում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Վանաձորի նախկին արտադրամասերից մեկի մոտ բռնկված հրդեհը

Վլադիմիր Աբրահամյանի շքեղ նկարազարդումներով ֆրանսիական հեքիաթները նոր շնչով վերադարձան ընթերցողի մոտ

Գլխավոր դատախազը մասնակցել է «Առաջնորդության դպրոց»-ի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը

ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար

Երիտասարդության ու փորձի հակադրություն. այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Կառավարությունը 2018 թվականից ի վեր շուրջ 1,7 մլրդ դրամ է հատկացրել եկեղեցիների վերականգնման, նորոգման և ամրակայման համար