Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Օլիվեր Վարհեիի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հետ

2 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Օլիվեր Վարհեիի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանիւ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը և երկուստեք կարևորել համատեղ ջանքերի կենտրոնացումը հնարավորինս սեղմ ժամկետում դրանց մեկնարկն ապահովելու ուղղությամբ:

Փոխվարչապետը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է առանձին ուղենիշերի ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարված աշխատանքները: Կողմերը երկուստեք կարևորել են ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել նաևԵվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Տնտեսական և ներդրումային պլանի ներքո նախագծերի շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ ընթացիկ քննարկումներին, որոնք վերաբերում են ճանապարհային և թվային ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին ձեռնարկություններին աջակցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի զարգացմանն ու կրթության հասանելիության բարձրացմանը:

Քննարկվել են նաև երկկողմ նոր բազմամյա համագործակցության շրջանակի հաստատման արդյունքում նախատեսված համագործակցության հիմնական ուղղությունները:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առանձնահատուկ կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը: Փոխվարչապետն այս համատեքստում ընդգծել է, որ ՀԸԳՀ շրջանակներում մի շարք ոլորտներում իրականացվում են առանցքային բարեփոխումներ, իսկ Համաձայնագիրը շարունակում է մնալ որպես Կառավարության բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում