Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ ՀՀ-ն հասանելիություն կստանա դեպի Իրան և ՌԴ

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը վերահաստատվել է երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Փաշինյանը՝ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։

«ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատեցինք երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։

Նաև պայմանավորվեցինք շարունակել շփումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փաշինյանը։

Հայերեն English Русский Türkçe