Մշակույթ

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ,14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանին և ցուցահանդեսների զարգացման պատասխանատու Քրիստին Վալլովերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվող «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է 2023 թվականին նախանշված ցուցադրության կազմակերպման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի և Հայաստանի թանգարանների միջև համագործակցությունը՝ ի նպաստ մշակութային երկխոսության զարգացման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են նախատեսվող ցուցադրության ծրագիրը` նշելով, որ այն ծրագրում են 2023 թվականին իրականացնել ԱՄՆ-ում` համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի և Էջմիածնի Մայր տաճարիթանգարանի հետ:

«Մեր նպատակն է Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակությանը ներկայացնել Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը` քրիստոնեության և աստվածաշնչյան արժեքներին հավատարմության համատեքստում»,- նշել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանը:

Ամերիկացի հյուրերը նշել են, որ «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսը կպատմի Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա երկրի, հայ ժողովրդի անցած ճանապարհի մասին` Նոյան տապանից սկսած մինչև քրիստոնեության ընդունում, տառերի գյուտ և Աստվածաշնչի թարգմանություն, եկեղեցական արարողակարգեր, Հայոց ցեղասպանություն և արցախյան պատերազմներ` այդ ամբողջ ուղեծրում ընդգծելով Աստվածաշնչի և քրիստոնեության արժեքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն առաջարկել է ցուցադրությանը զուգահեռ կազմակերպել նաև գիտաժողով, որի շրջանակում կներկայացվի հայկական մշակութային ժառանգության աստվածաշնչյան շերտը: Այս համատեքստում, ըստ նախարարի տեղակալի, կարևոր է նաև հայկական միջնադարյան մանրանկարչության ներկայացումը, որտեղ աստվածաշնչյան թեմատիկան ներկայացված է լայնորեն:

Ամփոփելով հանդիպումը` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է մեր երկրի ու ժողովրդի պատմությունը ներկայացնել առաջադեմ աշխարհին` նշելով, որ առաջարկվող ցուցադրությունն այդ առումով արդյունավետ միջոց է:

Հյուրերը փաստել են, որ տպավորված են հայկական պատմամշակութային ժառանգությամբ և Հայաստանում գտնվելու առիթը կօգտագործեն ավելի մոտիկից ծանոթանալու հայկական մշակույթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում