Շեքսպիրյան պոեզիան՝ Երնջակյանի մեկնաբանությամբ. Կամերային թատրոնը հանդիսատեսի դատին հանձնեց «Համլետ» ներկայացումը 

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կամերային պետական թատրոնի խաղացանկը համալրվեց մեծանուն դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի նշանավոր «Համլետ» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացմամբ: Թատրոնի դերասանները հանրահայտ ողբերգությունը մատուցեցին յուրահատուկ գույներով, Կամերային թատրոնին հարիր ոճով ու երնջակյանական մեկնաբանությամբ:

«Արմենպրես»-ի թղթակիցն ու լուսանկարիչը ներկա են եղել առաջնախաղին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի4-ին, զրուցել ռեժիսորի, դերակատարների հետ և արձանագրել, որ թատերասերները բուռն ծափողջույններով, «բրավո» վանկարկումներով են ընդունել պիեսի ժամանակակից, մի քիչ էլ անսպասելի լուծումներով մատուցումը:

Բեմադրող ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը հիշեցնում է, որ «Համլետ»-ը գրվել է մոտ 400 տարի առաջ, և, եթե Շեքսպիրն այսօր այն բեմադրեր, հաստատ շատ բաներ այլ կերպ կտեսներ: «Մեր թատրոնը մի փոքր անհանգիստ է, երևի մի քիչ էլ աննորմալ, և բեմադրել Շեքսպիր այնպես, ինչպես գրված է, հավանաբար հետաքրքիր չէր լինի ո՛չ մեզ, ո՛չ հանդիսատեսին, ուստի եղավ այն, ինչ եղավ: Կարծում եմ, որ թատերասերը կհասկանա և կընդունի այս մոտեցմամբ գործը»,- նշում է Երնջակյանն ու հավելում, որ «Համլետ»-ը փառատոնային ներկայացում է: Արդեն իսկ միջազգային հարթակներում հանդես գալու հրավերներ կան: Հույս ունի՝ այն հաջողության կհասնի երկրից դուրս, քանի որ այն իմպրովիզները, որոնք արվել են, կարող են հետաքրքիր լինել նաև արտերկրում:

Արա Երնջակյանը Համլետի դերը վստահել է երիտասարդ դերասան Ավետ Զոհրաբյանին, որը, ըստ Երնջակյանի, արդարացրեց իրեն: «Սա մեր թատրոնում Ավետի առաջին դերն է: Խենթ, անսովոր կերպար էր պետք ստեղծել, և Ավետը կարողացավ դա անել: Ես գոհ եմ նրանից»,- նշում է ռեժիսորը:

Համլետի կերպարը կերտելու առաջարկը ստանալուց հետո Ավետ Զոհրաբյանի սրտխփոցը չի դադարել: Դերասանը նոր է ավարտել Թատերական ինստիտուտը և շատ է սպասել իր դեբյուտին, որի սկիզբը դարձավ Կամերային թատրոնը: Ավետը խորին շնորհակալություն է հայտնում թատրոնի ռեժիսորներ Լուսինե Երնջակյանին և Արշալույս Հարությունյանին, որ իրեն ծանոթացրել են Արա Երնջակյանի հետ, որի հետ նախկինում առնչություն չի ունեցել: Անկեղծանում է՝ իր համար կրկնակի պատասխանատվություն էր աշխատել Երնջակյանի հետ և խաղալ «Համլետ» մի թատերախմբում, որը մշտապես հաջողություններ է գրանցել, իսկ դերասանները փայլել են, ուստի գալ և նոր բան ասելը շատ դժվար է եղել, իսկ լարվածությունը՝ մեծ:

Հարցին, թե ո՛վ է իր համար Համլետը, Ավետը պատասխանում է. «Համլետն իրականում անընդհատ որոնումների մեջ գտնվող կերպար է, որը չի հասկանում, թե ինչ է ուզում, թե ուր են տանում իրեն իր քայլերը: Չէի ասի, որ կշռադատված չէ, բայց փաստ է, որ նրա գործողությունները հանգեցնում են ողբերգության, և կործանվում է մի ամբողջ թագավորություն: Նա սովորական կերպար չէ… Մինչ այս պահը ես էլ որպես դերասան փնտրտուքի մեջ եմ ու ուզում եմ հասկանալ, թե ով է Համլետը, որը միշտ կա ու միշտ արդիական կլինի»,- ասում է նա:

Ավետ Զոհրաբյանը իրենից ինչ-որ բան դրել է Համլետի կերպարում: Վստահ է՝ չի ստեղծվի այնպիսի կերպար, որին մարմնավորելիս դերասանն իրենից ոչինչ չներդնեի: «Ինչ ուզում ես արա, ինչպես ուզում ես կառուցիր, միևնույն է՝ քեզանից ինչ-որ բան մնում է՝ հայացք, միմիկա, իսկ կերպարը դառնում է քոնը: Այս ներկայացման մեջ կա դրայվ, ակտիվություն, նյարդ, էներգիա, շատ գործողություններ: Ըստ իս՝ հաջողված է»,-եզրափակում է երիտասարդ դերասանը:

Ներկայացումն իր գեղեցկությամբ, վառ խաղով զարդարում է Լուիզա Ներսիսյանը, որը Համլետի մոր՝ Գերտրուդի դերակատարն է: Ըստ նրա՝ ներկայացումը հետաքրքիր լուծումներով է մատուցվել: «Արա Երնջակյանի հենց այդ ձեռագիրն եմ սիրում, որ ոչ մի բառ պատահական չէ: Բեմադրությունն ունի երաժշտականություն. դա և՛ գործողություններին է վերաբերում, և՛ խոսքին, և՛, բնականաբար, տեսարանը կառուցելուն: Յուրաքանչյուր տեսարանին հաջորդում է մեկ այլ տեսարան, որը երաժշտության շարունակությունն է: Եթե չես պահում երաժշտականությունը, ներկայացումը կարող է փլվել: Դրանով այն դժվար աշխատանք է, սակայն, եթե զգում ես երաժշտությունը, ճիշտ տեղ ես ընկնում ու ռեժիսորի հեքիաթի հետևից գնում, իսկ ներկայացումն ամբողջական է դառնում»,-ասում է Ներսիսյանը:

Դերասանուհին կարևորում է ձեռքը զարկերակին պահելն ու հավաստիացնում, որ յուրաքանչյուր գործի պետք է ճիշտ անդրադարձ կատարել: Նրա խոսքով՝ Շեքսպիրին հաճախ բեմադրում են, որովհետև նա դասական է, այնինչ անգլիացի դրամատուրգը բազմաշերտ է, և ամեն պիեսի մեկնաբանություն պետք է քո սեփականը լինի: «Հաջողում են այն ռեժիսորները, որոնք իրենց պատմությունն են պատմում շեքսպիրյան լեզվով ու կարողանում են ճիշտ ժամանակին, ճիշտ մատուցել այն: Յուրաքանչյուր բառ կարելի է այնպես արտաբերել, որ այն տարբեր մեկնաբանություններ ստանա. հնչողության շնորհիվ միտքն ու իմաստը փոխվում են: Շեքսպիրյան լեզուն թողնելով՝ կարող ես ասել այն, ինչն այսօր հետաքրքիր է հանդիսատեսին, ինչի կարիքն ունի թատերասերը, իսկ Կամերային թատրոնը հետաքրքիր է միշտ, որովհետև երբեք ժամանակավրեպ չէ»,-շեշտում է Ներսիսյանը:

Խոսելով Համլետի դերակատարի՝ Ավետ Զոհրաբյանի մասին՝ դերասանուհին ասում է՝ ուրախ է, որը նման դերասան է միացել իրենց թիմին: Լուիզա Ներսիսյանը կարծում է, որ նոր սերունդն ունի հետաքրքիր աշխատաոճ, և նրանցից կարելի է նաև սովորել: «Փորձի փոխանակումը երբեք չի խանգարում, և մեր թատրոնում առողջ են հասուն ու նոր սերնդի փոխհարաբերությունները: Բոլորը հավասար են, ու նոր դերասանները նոր շունչ են բերում: Եթե կարողանում ես թարմ օդն ընդունել, միայն շահում ես»,-շեշտում է դերասանուհին:

Ներկայացման երկրորդ ռեժիսորը Սենիկ Բարսեղյանն է, կոմպոզիտորը Վահե Գրիգորյանն է:

Բեմադրության մեջ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Բաղդասարյանը, Ավետ Զոհրաբյանը, Վահե Զիրոյանը, Լուիզա Ներսիսյանը, Ներսես Մարկոսյանը, Մխիթար Ավետիսյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Ժորա Մարտիրոսյանը, Դավիթ Աբրահամյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մհեր Ալաբեգյանը:

Դասական ողբերգությունը թատրոնը ներկայացնում է իր ուրույն ոճին համապատասխան: Շեքսպիրի հանճարեղ ստեղծագործությունն անցել է դարերի փորձություն և չի կորցրել իր արդիականությունը, քանի որ շոշափվում ու նկարագրվում են այնպիսի երևույթներ, որոնք կուղեկցեն մարդուն մինչև պատմության մայրամուտ: Խոսքը մարդու էության, մարդկային գիշատիչ հատկությունների, տեսակը տեսակին ոչնչացնելու, բնության ու մարդկային օրենքների հետ կռիվ տալու, ուժեղի ու թույլի հավերժ պայքարի, հայրեր և որդիներ բախումների, ինչպես նաև մարդասիրության մասին է...

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Հայերեն Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին