Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարը և ՄՖԿ պատվիրակությունը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարարը և ՄՖԿ պատվիրակությունը քննարկել են համագործակցության հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին, ՄՖԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Արման Բարխուդարյանին եւ ՄՖԿ «Հայաստանում տնտեսական աճ» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, ողջունելով հյուրերին` նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Որպես առանցքային ուղղություններ՝ նախարարն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը:

Ըստ աղբյուրի՝ Իվանա Ֆերնանդես Դուարտեն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ այս պաշտոնում սա իր առաջին այցն է Հայաստան, եւ ներկայում քննարկվում են ՀՀ կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ հնարավոր մասնակցության ձեւաչափերը: Դուարտեն եւս կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՄՖԿ-ն առաջնային է համարում Հայաստանում ֆինանսական հատվածի, կայուն էներգետիկայի եւ ներդրումային միջավայրի կանոնակարգման դաշտի պարզեցմանն ուղղված քայլերը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն-Միջազգային ֆինանսական կորպորացիա համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում