Պաշտոնական

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թաիլանդի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին նոյեմբերի 25-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը (նստավայրը՝ Մոսկվա):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

Դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը ընդգծել է, որ թաիլանդական կողմը շահագրգռված է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունն ունենալ երկու երկրների միջև կապերի ակտիվացման, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և փոխգործակցության ընդլայնման մեջ:

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես կարևորել են զբոսաշրջության ոլորտում գործակցության խթանումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ինչպես գործարար կապերի, այնպես էլ երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը: Նշվել են նաև ոսկերչության և ակնագործության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները, խոսվել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում