ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակով հարցաքննության է կանչվել Հակակոռուպցիոն կոմիտե: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում փաստաբանը գրել է, որ քիչ առաջ ծանուցում է ստացել:
Ըստ փաստաբանի` Սերժ Սարգսյանը հարցաքննության է հրավիրվել գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա:
«Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել»,- հավելել է Մակինյանը: