Բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը. վարչապետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը նիստի սկզբում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, որում մասնավորապես նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ ժամը 13:00-ի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի Զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են գործադրել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ:

Այս պահին խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակը:

Շնորհակալ եմ:

Հարգելի գործընկերներ,

Սիրելի հայրենակիցներ,

Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական. սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Սույն թվականի մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք:

Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է.Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը և պետականությունը, մեր անկախությունը:

Այո, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով:

Միջազգային հանրությանը կոչ եմ անում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ ընդունել՝ հասցեական հայտարարություններ։ Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով։ Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ՝ Ադրբեջանը վաղուց պետք է ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը։ Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հույսերը սին են։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդը վճռական են և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը։

Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են։ Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին։

Վերադառնալով սահմանային իրադրությանը, ասեմ, որ այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք շարունակաբար և ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։

Շնորհակալություն»:

Հայերեն Français Русский

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային առևտրային կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ

Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացի է սպանվել

Վարչապետը և նախագահը հանդիպել են ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ռուսական կողմը հայտնել է, որ Բիշքեկում նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Իջևանում քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների արդի մարտահրավերները և զարգացման հնարավորությունները

Նորվեգիայի թագավորի մահից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Օսլոյի թագավորական պալատի դիմաց

Պակիստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկել

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը