ՀՀ ֆինանսների նախարարն ու Պաոլո Սպանտիգատին քննարկել են Հայաստանի եւ ԱԶԲ-ի համատեղ ծրագրային առաջնահերթությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարը կարեւորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, տրանսպորտի եւ կապի ոլորտներում հնարավոր համագործակցության, ինչպես նաեւ՝ կրթության եւ առողջապահության բնագավառում նախատեսված բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում: