Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ քաղաքի Բուռնազյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որոնք սկսվել են այս տարվա հունիս ամսից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում, արդեն ավարտական փուլում են։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 1 կիլոմետր 108 մետր երկարությամբ ճանապարհի, ուղիների, մուտքերի եւ մայթերի ասֆալտապատում։ Ճանապարհի ասֆալտապատման մակերեսը կազմում է 8 825 քառակուսի մետր, մայթերի եւ ուղիների մակերեսը՝ 2 031,4, մայթերի մակերեսը՝ 5 631 քառակուսի մետր։
Շինարարական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ Բաղդասար Նազեյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի 10-ի դրությամբ աշխատանքներն կատարվել են մոտ 90 տոկոսով։ «Մնացել է ասֆալտապատելու 150 գծամետր ճանապարհ եւ 2 000 քառակուսի մետր մակերես զբաղեցնող մայթ։ Մնացած աշխատանքներն ավարտված են։ Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում կավարտենք շինարարությունը։ Ճանապարհի հիմնանորոգումը կենսական նշանակություն ուներ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչների համար։ Բացի այն, որ դա շատ խիտ բնակեցված փողոց է, նաեւ այդտեղ են գտնվում ավտոդպրոցը, թիվ 2 միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, մշակույթի տունը։ Այս Ճանապարհը հիմնանորոգման չէր ենթարկվել վերջին չորս տասնամյակների ընթացքում եւ գրեթե անանցանելի էր դարձել»,-ասաց Բաղդասար Նազեյանը։
Խոսրով Խլղաթյան